Հայաստանի խորհրդարանի պատգամավորները չպետք է իրենք օրենքներ գրեն, նրանք պետք է գաղափարներ տան: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, ԱԺ կանոնակարգի նոր խմբագրմամբ օրինագծի քննարկմանը խորհրդարանում հայտարարեց նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Օրինագիծը կազմել են իշխանական պատգամավորները (ՀՀԿ-ի եւ ՀՀԴ-ի), որպեսզի արտացոլեն սահմանադրական բարեփոխումների համաձայն ապագա գումարման խորհրդարանի աճող դերը:
Պատգամավորը պարտավոր չէ անձամբ տիրապետելու օրինաստեղծ տեխնիկային: Խորհրդարանին կից պետք է հաստիքով իրավաբաններ եւ տնտեսագետներ աշխատեն, որոնց մոտ պետք է նա գնա եւ իր գաղափարը շարադրի: Նրանք պետք է օրենքը կազմեն եւ պատասխանատվություն կրեն պատգամավորի մտքերի ճիշտ շարադրման համար, հայտարարեց Բագրատյանը:
Այս նույն մասնագետները պետք է պատգամավորներին օգնեն պետական բյուջեի վերաբերյալ առաջարկներ կազմելիս, կարծում է պատգամավորը: «Այժմ պատգամավորն, օրինակ, առաջարկում է ավելացնել իքս ճանապարհի վերանորոգումը: Կառավարությունը նրան պատասխանում է՝ բյուջեում փող չկա, եւ դրանով հարցը փակվում է: Մինչդեռ պետք է այլ կերպ լինի: Փորձագետները պետք է նրան ամեն ինչ ներկայացնեն՝ մինչեւ ասֆալտը»,- հավելեց նա:




























