Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանին չի հետաքրքրում՝ թոռանը դանակահարելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցվել է, թե ոչ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Շահգալդյանը հորդորեց այդ հարցերով դիմել ոստիկանություն:

«Ինձ իմ թոռնիկի առողջությունն է հետաքրքրում, թոռնիկս լավ է, ամեն ինչ լավ է, ուրիշ բան ինձ չի հետաքրքրում: Ձեր հարցերն ուղղեք ոստիկանության աշխատակիցներից»,- ասաց նախկին մարզպետը:

Մեր ճշտող հարցին՝ ճանաչո՞ւմ եք երեւանցի ոմն Մարտունին, որը կասկածվում է Ձեր թոռանը՝ Տիգրանին, դանակահարելու մեջ, Կովալենկո Շահգալդյանը պատասխանեց. «Պատահական մարդ ա եղել, ոչ ես, ոչ էլ թոռնիկս չենք ճանաչում»:

Նշենք, որ ի սկզբանե լուրեր էին շրջանառվում, որ Շահգալդյանի թոռանը նոյեմբերի 25-ի գիշերը Կոտայքի մարզի ռեստորաններից մեկում դանակահարել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին: Հաջորդ օրն իսկ երկու նախկին մարզպետներն էլ հերքեցին այդ լուրերը:

Ոստիկանությունում նյութեր էին նախապատրաստվում: Նոյեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել: Ընդ որում, ոստիկանությունը գաղտնի է պահում դանակահարության մեջ կասկածվողի ինքնությունը: