Բեսլանի ավտովթարից տուժած մեր վերջին համաքաղաքացին տեղափոխվել է Հայաստան Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքի մոտակայքում հոկտեմբերի 14-ին Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով տուժած վերջին քաղաքացին նախօրեին տեղափոխվել է Հայաստան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
Բազմակի վնասվածքներ ստացած՝ Լոռու մարզի 26-ամյա բնակչի վիճակը գնահատվել էր ծանր։ Երիտասարդն անհրաժեշտ բժշկական օգնություն ստացել էր նախ Վլադիկավկազի շտապօգնության կլինիկական, ապա Բեսլանի բազմապրոֆիլ հիվանդանոցներում։ Մի քանի վիրահատության ենթարկվելուց հետո նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար: Արդյունքում, բժիշկները տուժածի տեղափոխումը հնարավոր են համարել։
Նշենք, որ Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենան տուժածին դիմավորել է Լարսում։ Այժմ կենտրոնի բժիշկները հետազոտություններ են իրականացնում տուժածի հետագա վերականգնողական բուժումը կազմակերպելու նպատակով։
Հիշեցնենք, որ Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժածներից Հայստանի Հանրապետության 15 քաղաքացի տեղում` ամբուլատոր պայմաններում անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալուց հետո Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության աջակցությամբ ինքնաթիռով տեղափոխվել էին Հայաստան։ Ռուսաստանի Դաշնությունում բուժումը շարունակած Հայաստանի 4 քաղաքացիներից 3-ն ավելի վաղ էին տեղափոխվել հայրենիք։




























