Այսօր՝ նոյեմբերի 30-ին, Ավստրիայի մայրաքաղաքում կկայանա ՕՊԵԿ երկրների հանդիպումը։ Այս հանդիպման հնարավոր արդյունքների վերաբերյալ փորձագետները միանշանակ պատասխան չունեն։ Չափից մեծ են տարաձայնությունները թե բուն կազմակերպության ներսում, թե այն երկրների հետ, որոնք կազմակերպության անդամ չեն։ Նկատենք, որ առանձին նավթարդյունահանող երկրների միջեւ բացի զուտ տնտեսական խնդիրներից կան նաեւ այլ տեսակի արմատական տարաձայնություններ։ Դա էլ իր հերթին է խոչընդոտում  միասնական մոտեցման մշակմանը։

Անցած տարվա տվյալներով, նավթի արտահանման ծավալով առաջատար է Սաուդյան Արաբիան, իսկ Իրանը զբաղեցնում էր 12-րդ տեղը այդ վարկանիշում։ Հասկանալի է, որ նման իրադրությունը դժվար թե գոհացնի Իրանին, որը նավթի պաշարներով աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում, Վենեսուելայից ու Սաուդյան Արաբիայից հետո։ Մեր հարավային հարեւանը լի է վճռականությամբ նավթի արդյունահանումն ու արտահանումը հասցնել այն մակարդակին, որը եղել է մինչեւ պատժամիջոցային ռեժիմը։ Կհամաձայնի՞ արդյոք Իրանը «սառեցնել» նավթի արդյունահանումը, թե նրա համար բացառություն կարվի, այս հարցի պատասխանը կորոշվի Վիեննայում ՕՊԵԿ երկրների այսօրվա հանդիպման ժամանակ։

Արդյունահանման սառեցման հարցում ամենաշատը շահագրգռված է Վենեսուելան, որի տնտեսությունը նավթի գների անկման պատճառով խորը ճգնաժամի մեջ է հայտնվել։ Մյուս նավթարդյունահանող երկրների մոտ իրավիճակը թեկուզ այդքան հասարակ չէ, բայցեւայնպես այդքան օրհասական էլ չէ։ Դրա համար ել արդյունահանումը սառեցնելու կամ էլ կրճատելու վճռականությունը այդքան անբեկանելի չէ, որքան Վենեսուելայի մոտ։ Առանձին փորձագետների կարծիքով խնդիրն այն է, որ հիմա շուկայում նավթի առաջարկի ավելցուկ կա։ Դրա համար էլ գները կտրուկ բարձրացնելու համար պետք է ոչ միայն սառեցնել, այլեւ զգալիորեն կրճատել նավթի արդյունահանումը։ Սակայն այս հարցում միասնական մոտեցում չկա։

Նոյեմբերի 28-ին հայտնել էին, որ դեռ չի հաջողվել պայմանավորվել Իրանի համար (նաեւ Իրաքի համար, որը նույնպես մտադիր է ավելացնել արդյունահանումը) նավթի արդյունահանման քվոտաների մասին։ Մինչդեռ Իրանի գլխավոր ընդդիմախոսը՝ Սաուդյան Արաբիան դեմ է նավթի արդյունահանումը միակողմանի կրճատելուն, քանի որ համարում է որ այդ քայլը գների բարձրացման չի հանգեցնի։ Պարզ է մի բան՝ մեր օրերում, երբ շուկայում հայտնվել են նոր գործոններ, գների վերադարձը մեկ բարելի դիմաց 100 ու առավել եւս 200 դոլարին, անիրատեսական է թվում։

ԱՄՆ-ն, որը նավթի խոշորագույն սպառողն է աշխարհում, գալիք տարի կարող է փոխել իր քաղաքականությունը նավթի արդյունահանման ոլորտում։ Ճիշտ է, գործող նախագահ Բարաք Օբաման արդեն հասցրել է չեղարկել հում նավթի արտահանման սահմանափակումները, բայց երկրի ապագա նախագահը՝ Դոնալդ Թրամփը մտադիր է ավելի ընդլայնել նավթի արդյունահանումը ԱՄՆ-ում, նոր աշխաատեղեր ստեղծելու նպատակով։

Այս ծրագիրը իրականացնելու դեպքում նավթի համաշխարհային գները կնվազեն, ինչի հետեւանքով թերթաքարային նավթի արդյունահանումը որոշ հանքավայրերում կարող է անշահավետ դառնալ։ Բացառված չէ, որ այդ ժամանակ գները նորից կվերադառնան բարելի դիմաց 40-50 դոլարին։ Եթե իհարկե չլինեն արտակարգ իրավիճակներ, կամ էլ թերթաքարային նավթի արդյունահանման ինքնարժեքի նվազման հարցում զգալի առաջընթաց։

Սմբատ Գրիգորյան