Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը պետք է ցույց տա, որ կարող է ինքնուրույն գործիչ դառնալ: Նոյեմբերի 30-ին կայացած ասուլիսում այս մասին հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները հասկանում են, որ հարկավոր է ինչ-որ բան անել, որ հասարակական դժգոհություն կա ամբողջ քաղաքական համակարգի հանդեպ:

«Ինչո՞ւ փոխվեց վարչապետը: Նույն այդ պատճառով: Խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների միջեւ հետաքրքիր ժամանակաշրջան է լինելու: Կարապետյանը պետք է ցույց տա, որ կարող է ինքնուրույն գործիչ դառնալ»,- նշել է Իսկանդարյանը:

Ըստ նրա՝ այդ ընթացքում նա պետք է սեփական կշիռն ունենա: «Նա արդեն անում է դա, տարբեր պաշտոնների նշանակում մարդկանց, որոնք նրա թիմն են դառնալու: Նրա հետագա ճակատագիրը կախված է այն բանից, թե ինչպես կկարողանա դա անել»,- ամփոփել է Ալեքսանդր ԻսկանդարյանըԼ

Իշխող ՀՀԿ-ի 16-րդ համագումարում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ խորհրդարանական ընտրություններում Հանրապետականի հաղթանակի դեպքում Կարեն Կարապետյանը շարունակելու է պաշտոնավարել որպես վարչապետ: