Անազատության մեջ գտնվող Սարի թաղի տղաների նկատմամբ անձնական վրեժխնդրություն է իրականացվում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է անազատության մեջ գտնվող Հրաչ Բոյաջյանի կինը՝ Նարինե Ղազարյանը։
Սարի թաղի բնակիչները համարում են, որ իրենց հարազատների ազատազրկումն անօրինական է։
«Մենք կադրերը մանրակրկիտ դիտել ենք եւ ոչ մի ոստիկան չկա, որ տուժել է 316 հոդվածի 2-րդ մասով։ Մեր 9 տղաների գործողությունները նայել ենք: Երբ օդ են կրակել, իմ ամուսինը վախենալով քարը նետել է նրանց ուղղությամբ, դա հիմք չէ տասը տարի դատելու համար։ Նրանք վեճն ամբողջությամբ չեն դնում, որ քաղաքացիները պահանջում են տրանսպորտ, ծնողները, տատիկները ոտքով էին շուկա գնում, քաղաքացին չի կարողանում աշխատանքի գնա, քանի որ տրանսպորտ չկա, թող մեզ ծանոթացնեին, որ չի լինելու գազ, ջուր, տրանսպորտ։ 2 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդը, 1000 դրամով տաքսիով պիտի բարձրանար տուն, անգամ տաքսու վարորդները մեզ չէին հասցնում տուն եւ տղաները պայքարում էին մեր սոցիալական խնդիրների լուծման համար»,-ասել է Նարինե Ղազարյանը։
Անազատության մեջ գտնվող 33-ամյա Արման Ադամյանի մայրը՝ Անուշ Հովհաննիսյանն էլ ասել է, որ որդին ոչինչ չի արել տասը տարվա ազատազրկման դատապարտվելու համար, երբ հարձակվել են ոստիկանները նա քարով պաշտպանվել է․ «Ես ապրում եմ պարտքով, իմ խնամքի տակ են թոռներս, որդիս էր աշխատող ուժը, հիմա նրան դատում են։ Նա ոչինչ չի արել, ուղղակի, երբ ոստիկանները հարձակվում են տղայիս վրա, ինքն էլ քարը վերցնում շպրտում է նրանց ուղղությամբ, նույնիսկ առերեսման ժամանակ իմ տղային ոչ մեկը չի ճանաչել։ Ոչ պայմաններ ունենք, ոչ էլ ես սպասում եմ՝ մի լավ բանի։ Այսօր դատն է, ամեն անգամ մի ժամ գալիս են ու դատը հետաձգում, բա էդ երեխեքը ապրել են ուզում, թող գան իմ տունը պայմանները ստուգեն, տեսնեն՝ ինչ պայմաններում ենք ապրում»։





























