Ռուսաստանցի Մարկ Վարդանյանին ԱՄՆ-ին հանձնելու Նորվեգիայի որոշումն ակնհայտորեն քաղաքականացված է, Մոսկվան դա հաշվի կառնի Օսլոյի հետ հարաբերություններ կառուցելիս: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

ԱՄՆ հատուկ ծառայությունների տվյալներով՝ ռուսաստանցի ծրագրավորողն իբր համացանց է ներբեռնել 48 ֆայլեր, որոնք անհրաժեշտ են Citadel («Ցիտադել») վիրուսը տեղադրելու եւ դրա օգնությամբ ուրիշների համակարգիչները կառավարելու համար: Վարդանյանն իր մեղքը ժխտում է:

«Նոյեմբերի 29-ին Նորվեգիան վերջնական որոշում է ընդունել ԱՄՆ իրավապահ մարմինների հարցման համաձայն Ռուսաստանի քաղաքացուն ԱՄՆ-ին հանձնելու մասին: Այսպիսով, նորվեգական կողմը ուշադրություն չի դարձրել մեր բազմակի կոչերին՝ ցուցաբերել անկողմնակալ, օբյեկտիվ մոտեցում»,- ասել է նա՝ հավելելով, որ բազմիցս են պարզաբանել, որ տվյալ գործը ամբողջ աշխարհում ամերիկան հատուկ ծառայությունների կողմից իրականացվող Ռուսաստանի քաղաքացիների հետապնդում է, որը արդարադատության հետ ոչ մի կապ չունի եւ միջազգային իրավունքի նորմերի բացարձակ անտեսում է:

Զախարովայի կարծիքով՝ Նորվեգիայի որոշումն ակնհայտորեն քաղաքականացված է եւ չի համապատասխանում արդարադատության եւ արդարության համընդհանուր չափանիշներին: «Մենք այն ընկալում ենք որպես կարծիքի ու ռուսական կողմի մտահոգությունների եւ, անկասկած, Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների անտեսման դրսեւորման եւս մեկ փորձ: Դա, անկասկած, հաշվի կառնվի Նորվեգիայի հետ հարաբերությունները կառուցելիս»,- ասել է դիվանագետը: