«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին եւ նրա շահերի պաշտպանին չեն տրամադրում Հովհաննեսի ռենտգեն հետազության արդյունքները: Այս մասին այսօր` նոյեմբերի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Հարությունյանի շահերի պաշտպան Հայարփի Սարգսյանը` նշելով, որ Հովհաննես Հարությունյանին բժիշկները վերջին անգամ այցելել են նոյեմբերի 9-ին, որից հետո Հովհաննեսը նորից հայտնվել է նույն վիճակում: Հայարփի Սարգսյանի խոսքով` Հովհաննեսի առողջական վիճակում ոչ մի փոփոխություն չկա:

«Մինչ օրս ռենտգեն նկարները չեն տրամադրվում ինձ եւ Հովհաննեսին: Դատապարտյալների հիվանդանոց պահանջ էր նեկյացվել, սակայն, գրավոր մերժել են նկարները մեզ տրամադրելու մասին պահանջը: Դա մեզ պետք էր, որպեսզի արդյունքները արտասահմանում այլ բժիշկների ներկայացնենք` նրա առողջական վիճակի վերաբերյալ երկրորդ կարծիք ստանալու համար»,-ասաց նա:

Հովհաննես Հարությունյանի շահերի պաշտպանը նաեւ նշեց, որ նոյեմբերի 21-ին կրկին երկարաձգվել է Հովհաննեսի խափանման միջով կալանքի ժամկետը:

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացրել էին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկում բուժվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի վերաբերյալ կազմակերպվել է կոնսիլիում` համապատասխան մասնագետների ներգրավվածությամբ:

Մասնակցել են ՀՀ ԱՆ ԲՕՔՎ հիվանդանոցային բաժնի պետ Վարդան Վարդազարյանը, ՀՀ ԱՆ գլխավոր վնասվածքաբան, բ.գ.դ պրոֆեսոր Վաչագան Այվազյանը, «Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարան» հիմնադրամի վնասվածքաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.դ, պրոֆեսոր Արմեն Չարչյանը, «Էրեբունի» ԲԿ ՓԲԸ վնասվածքաբանության ծառայության ղեկավար Վիգեն Մարգարյանը, «Էրեբունի» ԲԿ ՓԲԸ միկրովիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Հովհաննիսյանը, ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲԸ զուգակցվող վնասվածքների եւ օրթոպեդիայի բաժնի վարիչ, բ.գ.թ. Կարեն Մանուկյանը, «Էրեբունի» ԲԿ ՓԲԸ վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի բաժանմունքի բժիշկներ Գագիկ Բդոյանը եւ Ռադիկ Այվազյանը:

Կոնսիլիումի արդյունքում բժիշկ-մասնագետները հանգել են հետեւյալ եզրակացության, որ վիրահատական միջամտության անհրաժեշտություն այս պահին չկա, Հովհաննես Հարությունյանին նշանակվել է ինտենսիվ վերականգնողական բուժում:

Հիշեցնենք, որ ոտքից ծանր վիրավորում ստացած Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի մասին հակասական կարծիքներ կան: Ըստ փաստաբան Հայարփի Սարգսյանի՝ իր պաշտպանյալի վիճակը գնալով վատանում է, նրան շտապ վիրահատություն է պետք, քանի որ ոտքը սկսել է սեւանալ, բարակել, իսկ նա էլ ցավերին չի դիմանում: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հակառակն է պնդում: