«Սասնա ծռեր» խմբի անդամ, Միայնակ գայլ Արայիկ Խանդոյանի կալանքի երկարացման դեմ ներկայացված փաստաբանների բողոքը Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է:

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը։

Նա նշել է, որ իր պաշտպանյալը դատարանում հանդես է եկել ելույթով․ «Հայտարարեց, որ պետք չի լինել ստրուկ, ծառայել ստրուկներին, արդարադատություն չի իրականացվում եւ վանկարկում էր ազատ անկախ Հայաստան»: Նա նշել է,որ Խանդոյանի առողջական վիճակը լավ չէր, մեջքի շրջանում ցավեր ուներ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի նկատմամբ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանը դատական սանկցիա էր կիրառել ու հեռացրել նիստերի դահլիճից:

Արայիկ Խանդոյանին մեղադրանք է Քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):