«Սասնա Ծռեր» խմբավորման կողմից 2016 թ. հուլիսի 17-ին ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո տեղի ունեցած հավաքների մասնակից, «Հիմնադիր խորհրդարանի» աջակից Հովհաննես Ղազարյանին թույլ են տվել տեսակցություններ մերձավոր հարազատների հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՔԱՎ-ից:

Կալանքի վերցնելու պահից վարույթն իրականացնող մարմնի կողմից, առանց որեւէ հիմնավորման, արգելանք էր դրվել վերջինի տեսակցությունների եւ հեռախոսային խոսակցությունների վրա: Այսօր Հովհաննես Ղազարյանի շահերի պաշտպան Անի Չատինյանն ստացել է Հովհաննես Ղազարյանի տեսակցությունների եւ հեռախոսային խոսակցությունների սահմանափակումը մերձավոր ազգականների մասով վերացնելու 2016 թ. նոյեմբերի 10-ի միջնորդության վերաբերյալ ՀՀ Հատուկ քննչական ծառայության որոշումը, որով թույլատրվել է տեսակցությունները մերձավոր ազգականների հետ, իսկ հեռախոսազանգերի մասով սահմանափակումը մնացել է ուժի մեջ:

Ավելի վաղ տեղեկացրել էիքն, որ նոյեմբերի 30-ին Հովհաննես Ղազարյանը հացադուլ է հայտարարել՝ իրեն արդարացնելու եւ ազատ արձակելու պահանջով: