Հայաստանում ԵՄ պատվիրակությունը եւ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)  ստորագրել են 2 մլն եվրո դրամաշնորհի տրամադրման պայմանագիր, որով կպայմանավորի Հայաստանում քաղաքացիական հասարակության ձեւավորմանն աջակցող եռամյա ծրագրի մեկնարկը։

Հայաստանում քաղաքացիական հասարակության հետ ավելի սերտ ներգրավման նպատակով ՀԲԸՄ-ն ակտիվորեն որդեգրում է նոր ռազմավարական ուղղություն, եւ սույն դրամաշնորհի միջոցով կարվեն այս ուղղությամբ առաջին քայլերը։

«Քաղաքացիական հասարակության աջակցություն» ծրագիրը իրականացվելու է ՀԲԸՄ-Հայաստանի կողմից՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ գործընկերությամբ։ Ծրագիրը միտված է տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կարողությունների զարգացմանը, ինչպես նաեւ դրանց համագործակցային հնարավորությունների ընդլայնմանն ու ամրապնդմանը։ Հատուկ ուշադրություն է դարձվելու սփյուռքի եւ տեղական ՔՀԿ-ների փորձագետների միջեւ կապերի ստեղծմանը, գիտելիքների եւ փորձի փոխանակմանը, ապահովելով Հայաստանի քաղաքացիական հասարակության առօրյա կյանքում սփյուռքի ավելի մեծ ներգրավուման։

Նշենք, որ «Քաղաքացիական հասարակության աջակցություն» ծրագիրը կհամալրի ներկայումս ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող կարողությունների զարգացման ծրագիրը՝ շեշտը դնելով մոտ 100 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներքին եւ արտաքին կարողությունների զարգացման, ինչպես նաեւ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող այլ ընթացիկ նախաձեռնությունների վրա (օր.՝ համայնքային զարգացումը սոցիալական ձեռներեցության միջոցով – կոդ SE ծրագիրը – Սոցիալական արձագանքը՝ ուղղված Հայաստանում աշխատանքային միգրացիային (Միասին հանուն Հայաստանի)):

Այս նախաձեռնությունը լիովին համահունչ է ԵՄ-ի՝ Հայաստանում քաղաքացիական հասարակության ներգրավմանն ուղղված 2014-2017թթ. քարտեզագրած առաջնահերթություններին  եւ 2015թ. –ի տարեկան գործողությունների ծրագրին:  

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սփյուռքի հնագույն, համաժողովրդական եւ համահայկական կազմակերպությունն է: ՀԲԸՄ-ն իր կրթական, մշակութային ու մարդասիրական գործունեությամբ նպաստում է հայկական ինքնության ու ժառանգության պահպանմանն ու զարգացմանը: Այդ գործունեության շնորհիվ տարեկան շուրջ 500 հազար հայեր առնչվում են միության ծրագրերին: