ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների նախօրեին արված հայտարարությունում կան բազմաթիվ կետեր, որոնք բխում են հայկական կողմերի շահերից եւ արդյունք է հայկական կողմերի հարցերի հետեւողական բարձրացման: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Առաջին, Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հստակ նշում են, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը չունի ռազմական լուծում, այն պետք է ունենա բացառապես խաղաղ կարգավորում: Սա այն է, ինչի մասին տարիներ շարունակ պնդել են հայկական կողմերը, սա այն է, ինչը հակասության մեջ է մտնում Ալիեւի այն հայտարարությունների հետ, որ չի բացառում ռազմական կարգավորումը»,- ասաց նա:
Երկրորդ կարեւոր կետն այն է, ըստ Շարմազանովի, որ ապրիլյան պատերազմից հետո նախագահ Սարգսյանը նշեց, որ բանակցություններին վերադառնալու համար անհրաժեշտություն է 1994-1995թթ. զինադադարի պայմանների իրականացումը, որն էլ հենց համբուրգյան հայտարարության մեջ համանախագահող երկրների արտգործնախարարները համարում են կարեւոր անհրաժեշտություն. «Սա այն է, ինչ որ պնդում էին Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը, սա այն է, ինչը չէր ցանկանում իրականացնել Ադրբեջանը, ապրիլյան պատերազմից հետո նրա նպատակն էր, որ նոր պայմաններ ստեղծվեն եւ բանակցությունները գային նոր փուլի` հաշվի չառնելով 1994-1995թթ. զինադադարը»:
Երրորդ կարեւորագույն կետը, ԱԺ փոխնախագահի խոսքով, այն է, որ առաջին անգամ համանախագահող երկրների արտաքին գեչատեսչությունների ղեկավարները հստակ դատապարտում են Ադրբեջանի վայրագորությունները քազաքացիական անձանց նկատմամբ:
«Սա այն է, ինչ ապրիլյան պատերազմից հետո ներկայացրել են հայկական կողմերը, սա Թալիշում տեղի ունեցած վայրագություններն են, որոնք իրականացրել են ադրբեջանցիները, որն ունի նույն այն ձեռագիրը, ինչ ԻՊ-ը: Առաջին անգամ համանախագահ երկրների արտգործնախարարները դատապարտում են այդ իրականությունը»,- նշեց նա:
Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների վերջին հայտարարության չորրորդ կարեւորագույն «մեսիջը», ըստ ՀՀԿ մամուլի խոսնակի, Սանկտ Պետերբուրգում եւ Վիեննայի հանդիպումներից հետո արված հայտարարությունների իրականացման վերահաստատումն է. «Այսինքն համանախագահող երկրները գծեցին խաղի կանոնները եւ ասացին` ով չպահպանի այդ խաղի կանոնները, կհայտնվի խաղից դուրս, եւ այս փուլում այդ խաղի կանոնները համահունչ էին հայկական կողմերի գնահատականներին»:
Նշենք, որ հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի պատվիրակությունների ղեկավարներ` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ու Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էրոն ասել էին, որ ամբողջովին հավատարիմ են մնում ղարաբաղյան հակամարտությունը բանակցությունների ճանապարհով կարգավորելուն։





























