2016-ի հուլիսին ականատես եղանք մարդու իրավունքների ամենախայտառակ, ամոթալի ոտնահարումներին, որի վերաբերյալ առայսօր չի եղել համարժեք  գնահատական: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին «Մարդու իրավունքները Հայաստանում 2016 թ.-ին. խնդիրներ եւ հետեւություններ» թեմայով քննարկման ժամանակ նշել է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:

«Ես մի քանի անգամ ասել եմ` Լոնդոնում եղել եմ ազնվականների ցույցի ցրման ժամանակ, տեսել եմ, որ դա շատ կոպիտ է եղել, բայց հաջորդ օրը 6-7 ոստիկան հեռացվել են աշխատանքից: Մեզ մոտ աննախադեպ էր լրագրողների  իրավունքների ոտնահարումները: Այսինքն լրագրողներին խարդախ սցենարով հավաքեցին մի տեղ եւ թիրախ դարձրեցին դաժան վերաբերմունքի: Սա խայտառակ դրսեւորում էր»,-հայտարարեց Լարիսա Ալավերդյանը:

Նա հիշեցրեց, որ հուլիսյան իրադարձությունների ժամանակ մարդկանց բերման են ենթարկել ոչ թե ոստիկանական բաժիններ, այլեւ տարբեր այլ վայրեր, որի իրավունքը չունեին. «Այս ամենին ոչ համարժեք գնահատական հնչեց, ոչ էլ որեւէ մեկը պատասխանատվություն կրեց»:

 «Իրավունքի գերակայություն» ՀԿ ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն էլ հայտարարեց, որ այս տարի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանը հետընթաց է ապրել:

«Դեպքեր տեղի ունեցան ամռանը, երբ մարդու իրավունքների զանգվածային խախտումներ եղան: Նախորդ տարվա միջադեպերի համեմատ` ոստիկանության վերաբերմունքն էլ ավելի ցինիկ ու արհամարհական բնույթ էր կրում: Դա պայմանավորված է նրանով, որ նախորդ տարվա արածը կարողացան մարսել` չկրելով ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական պատասխանատվություն»,-ասաց իրավապաշտպանը:

Ըստ նրա` եթե 2015-ին մարդիկ 18 ժամ գտնվել էին անազատության մեջ, անմարդկային պայմաններում՝ թրջված, ծեծված, էլեկտրահարված, ապա այս տարի այդ ժամանակն ավելի երկար տեւեց, որտեղ օգտագործվում էր համակենտրոնացման ճամբարի սկզբունքը. «Մարդիկ հավաքվում էին մի տեղ` առանց որեւէ փաստական ու իրավական հիմքերի: Տասնյակ, հարյուրավոր մարդիկ: Ոչ մի պատասխանատվություն դրա համար չեղավ»:

Ինչ վերաբերում է լրագրողների իրավունքների ոտնահարումներին, Զեյնալյանը նշեց, որ 2015-ին 25 լրագրողի նկատմամբ եղել են ոտնահարումներ, որոնց համար պատշաճ պատասխանատվություն չեն կրել. «Այս տարի եւս այդ երեւույթը կրկնվեց: Ինչո՞ւ են ընտրում լրագրողներին որպես թիրախ, որովհետեւ նրանք խոսքի ազատության տարածողներն ու պաշտպանողներն են: