ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Դավթաշեն վարչական շրջանում տեղի ունեցած ավազակային հարձակումը։
2016 թվականի նոյեմբերի 8-ին քաղաքացի Լիանա Եղիազարյանից հաղորդում է ստացվել առ այն, որ 2016 թվականի նոյեմբերի 3-ին` ժամը 18:15-ի սահմաններում, Երեւան քաղաքի Դավթաշեն թաղամասի շենքերից մեկի շքամուտքում` վերելակի մեջ, 2 անձինք հարձակվել են իր վրա, դանակի սպառնալիքով եւ բռնություն գործադրելով հափշտակել են իր ոսկյա վզնոցը` 2 ոսկյա խաչերի հետ միասին, եւ դրամապանակը, որի մեջ եղել է գումար եւ իր վարորդական իրավունքի վկայականը, ապա դիմել փախուստի:
Դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերի հատկանիշներով: Լ.Եղիազարյանը ճանաչվել է տուժող, կատարվել է դեպքի վայրի զննություն, մշակվել քննչական պլան։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, առերեւույթ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը, ովքեր հայտնաբերվել եւ ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին։ Հստակեցվել է նրանցից յուրաքանչյուրի գործողությունների շրջանակը:
Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ` Երեւան քաղաքի բնակիչներ 1996թ. ծնված Հ. Մելքոնյանին եւ 1986թ. ծնված Գ. Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:





























