2010թ. հոկտեմբերի 29-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում պետական բյուջեի ֆինանսավորմամբ եւ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության նախաձեռնությամբ տեղի կունենա աշխատանքի տոնավաճառ:  

Տոնավաճառի նպատակն է առաջարկել աշխատանք փնտրողներին` հանդիպել թափուր աշխատատեղ առաջարկող գործատուների հետ եւ ծանոթանալ գործազուրկների համար իրականացվող զբաղվածության ծրագրերին,  իսկ գործատուներին` գտնել համապատասխան հմտություններով  մասնագետներ:

Զբաղվածության պետական ծառայությունը առաջին անգամ աշխատանքի տոնավաճառ իրականացրել է  2007 եւ 2008 թթ.-ին ԱՄՆ ՄԶԳ եւ ՀԲ ծրագրերի շրջանակներում, որից հետո, ծրագրի կարեւորությունից եւ արդյունքներից ելնելով, այն ամրագրվեց որպես պետական ծրագիր:

2009թ.-ին հանրապետության տարբեր վայրերում (Վանաձոր, Արտաշատ, Գյումրի, Դիլիջան, Կապան, Հրազդան) իրականացվել է 6 աշխատանքի տոնավաճառ, որոնց մասնակցել է շուրջ 220 գործատու, 10750  աշխատանք փնտրող: Գործատուների կողմից ներկայացված թափուր աշխատատեղերի թիվը կազմել է 1360, իսկ կանխատեսվողը` 2100: Տոնավաճառների արդյունքում աշխատանքի են տեղավորվել շուրջ 400 աշխատանք փնտրող:

Այս աշխատանքի տոնավաճառը 2010թ.  ընթացքում նախատեսված տոնավաճառներից հինգերորդն է, որին մասնակցելու հայտ են ներկայացրել  38 գործատու: Ներկայացված թափուր աշխատատեղերի թիվը շուրջ 130 է, իսկ կանխատեսվողը` 34:  Կանխատեսվում է, որ տոնավաճառին կմասնակցի շուրջ 2500 աշխատանք փնտրող:

Եվս 4 աշխատանքի տոնավաճառ իրականացվել է ՀՀ 4 մարզերում` Գավառում հունիսի 18-ին, Վանաձորում հուլիսի 7-ին, Իջեւանում օգոստոսի 18-ին եւ Գյումրիում սեպտեմբերի 8-ին:  Գավառի տոնավաճառին մասնակցել են շուրջ 55 գործատու եւ շուրջ 800 աշխատանք փնտրող, ներկայացվել էր  շուրջ 230 թափուր աշխատատեղեր: Արդյունքում աշխատանքի է տեղեվորվել 61 անձ:

Վանաձորի տոնավաճառին մասնակցել են 39 գործատու եւ շուրջ 3000 աշխատանք փնտրող, ներկայացվել է  շուրջ 615 առկա եւ 132 սպասվող թափուր աշխատատեղեր: Համաձայն Վանաձորի զբաղվածության մարզային կենտրոնից ստացված տվյալների` տոնավաճառի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 67 անձ:  

Իջեւանի տոնավաճառին ներկայացված թափուր աշխատատեղն էին շուրջ 70, եւ 50-ը` կանխատեսվող: Տոնավաճառին մասնակցեցին շուրջ 2500 աշխատանք փնտրողներ: Տոնավաճառի արդյունքում աշխատանքի է ընդունվել 26 անձ:

Գյումրիի տոնավաճառին մասնակցելու հայտ էին ներկայացրել 33 գործատու: Ներկայացված թափուր աշխատատեղերի թիվը շուրջ 119 էր, իսկ կանխատեսվողը` 140:  Տոնավաճառին մասնակցեց շուրջ 3000 աշխատանք փնտրող: Արդյունքում աշխատանքի է տեղավորվել 66 անձ:

Տոնավաճառին մասնակցեցին նաեւ Գյումրու հանրակրթական դպրոցների բարձր դասարանների աշակերտներ: Բարձր դասարանցիները տոնավաճառին հնարավորություն ունեցան ծանոթանալու ՀՀ աշխատաշուկայի իրավիճակին, զբաղվածության կարգավորման պետական ծրագրերին եւ ստանալու խորհրդատվություն մասնագիտական կողմնորոշման եւ աշխատանք փնտրելու հմտությունների վերաբերյալ: