ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Հիմնադիր խորհրդարանի» համակիր, անազատության մեջ գտնվող Հովհաննես Ղազարյանի շահերի պաշտպանի՝ Հովհաննեսի կալանքի ժամկետը երկարացնելու դեմ ներկայացրած բողոքը:  Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Անի Չատինյանը:

«Այս անգամ էլ դատարանը որոշեց մերժել, գտնում են, որ հիմքեր չկան Հովհաննեսին ազատ արձակելու, այն դեպքում, երբ հակառակն է: Այս պահին  Հովհաննեսին անազատության մեջ պահելու հիմքեր առկա չեն, որովհետեւ  քննչական դատվարական գործողություններն իրականացված են, այսինքն՝ խոչընդոտելու, փախչելու որեւէ վտանգ չկա»,-ասաց պաշտպանը՝ նշելով, որ վերաքննիչ դատարանը նույնաբովանդակ որոշումներ է կայացնում:

Հիշեցնենք, որ  Հովհաննես Ղազարյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողություններ կատարելու մեջ՝ «զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը»:

Նա կալանավորվել է հուլիսի 29-ին՝ Սարի թաղի գործով: