2005 թվականից ի վեր աշխարհում խորհրդարանների կին խոսնակների թիվը 19-ից աճել է մինչեւ 52 մարդ: Այս մասին ԱՄԷ-ի մայրաքաղաքում խորհրդարանների կին խոսնակների միջազգային համաժողովի բացմանը հայտարարել է միջակառավարական միության նախագահ Սաբեր Շուդրին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Խորհրդարանների կին խոսնակների համաժողովը 2005 թվականին առաջին անգամ անցկացնելուց ի վեր վերածվել է խորհրդարանականների իսկական գլոբալ գագաթնաժողովի՝ հաշվի առնելով, որ 11 տարվա ընթացքում աշխարհում խորհրդարանների կին ղեկավարների թիվն աճել է 19-ից մինչեւ 52 մարդու»,- ասել է Շուդրին:
Նա նշել է, որ այժմ խորհրդարանականները կառավարությունների համար գլոբալ օրակագ են մշակում, եւ համաժողովի մասնակիցների խնդիրն է միջխորհրդարանական համագործակցության եւ օրենսդիր ու գործադիր իշխանությունների միջեւ կոոպերացիայի առաջընթացի համար «ճանապարհային քարտեզի» ստեղծումը:
Երկուշաբթի Աբու Դաբիում իր աշխատանքն է սկսել խորհրդարանների կին խոսնակների երկօրյա XI միջազգային համաժողովը՝ օրենսդիր ժողովների եւ միջխորհրդարանական միավորումների մոտ 50 ղեկավարների, նաեւ կին գիտնականների, քաղաքագետների եւ հետազոտողների մասնակցությամբ: Ռուսաստանը ներկայացնում է Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:





























