Վերջին 15 տարում նավթի արդյունահանման կրճատման մասին առաջին գլոբալ պայմանագիրը վկայում է Սաուդյան Արաբիայի եւ Ռուսաստանի խորացող էներգետիկ դաշինքի մասին, գրում է The Financial Times–ը։

Պարբերականը նշում է, որ համաձայնագրին նախորդել է բանակցությունների մի ամբողջ տարի, որը ստիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ու Սաուդյան առաջնորդներին մի կողմ դնել Սիրիայի հարցով տարաձայնությունները, որպեսզի օգնեն փոփոխվող պայմաններում երկու երկրների տնտեսությունների հարմարվելուն։

Երկու խոշոր նավթ արտահանողների միջեւ անմիջական համագործակցությունը սկսվեց այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան նոյեմբերի 30-ին ՕՊԵԿ 13 անդամ երկրների հետ համաձայնության եկավ օրական 1 մլն բարելով նավթի արդյունահանումը կրճատելու շուրջ, ինչը հանգեցրեց նավթի գների 15–տոկոսանոց աճին։

«Շատ կարեւոր է ունենալ ազդեցության 2 կենտրոնների համաձայնությունը։ Դա նոր աշխարհաքաղաքական դինամիկա է, որը կարող է փոխել նավթային շուկան»,– ասել է Petromatrix վերլուծական ընկերության փորձագետ Օլիվիե Յակոբը։