Ես ընդհանրապես մտավախություն չեմ տեսնում հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծման մեջ. դա այսօր չի ստեղծվել, ստեղծվել է 2000 թվականի սեպտեմբերին, այսինքն 16 տարի առաջ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ԱԺ-ում «Պահեստազորային պատրաստության համակարգի կատարելագործումը» թեմայով խորհրդարանական լսումներից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Հ ԶՈՒ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետ Կամո Քոչունցը:

«Եթե իրավական կտրվածով զորախումբը ստեղծվել է 2000 թվականին, հիմա գնում է գործնական կտրվածքով: 2000-ին ստեղծվել է պլանավորման գործընթացներ, ապահովումներ, հիմա արդեն գնում է գործնական միջոցառումների ընթացք, այսինքն ապահովման բոլոր տեսակների կտրվածքով միջոցառումների իրականացում, այդ թվում ՌԴ-ի եւ ՀՀ զինված ուժերի կողմից:

Իհարկե, զորախմբավորման ստեղծումը` եւ 2000 թ.-ին, եւ այսօր դրա զարգացման հետագա քայլերն իրականացվում են ի շահ Հայաստանի, քանի որ ապահովումը բոլոր կտրվածքներով էլ որ վերցնենք, համեմատական վերցնենք, ՀՀ եւ ՌԴ կտրվածքով համեմատական` դեպի հավանական հակառակորդի, իհարկե, միացյալ ուժերն ավելի մեծ հնարավորություն ունեն: Մեր ազգային անվտանգության շահերից ելնելով ենք գործել, իսկ Ռուսաստանի շահը տեռորիզմի դեմ պայքարն է, որը մեծ վտանգ է, Իսլամական պետության ստեղծումն է, որը մեզ ավելի մոտ է, իսկ հաջորդը լինելու է Ռուսաստանը»,-ասաց նա:

Հիշեցմանը, որ ՀԱՊԿ-ն կրավորական կեցվածք է որդեգրում, երբ Ադրբեջանը ոտնձգություն է կատարում կառույցի անդամ Հայաստանի սահմանների նկատմամբ, Քոչունցն արձագանքեց. «Համաձայն չեմ, մի տեղայնացրեք: Դրանք տեղային խնդիրներ են. այսօր էլ կարող է, օրինակ Հյուսիսային Կովկասում Ռուսաստանը հակաահաբեկչական խնդիրներ է կատարում: Դա չի նշանակում, որ Հայաստանն էլ պիտի դրանց մասնակցի: Մանր խնդիրներ են, որ Հայաստանը պատվով կատարել է»: