Դոնալդ Թրամփը կարող է առճակատում սկսել Սպիտակ տան եւ հատուկ ծառայությունների միջեւ այն բանից հետո, երբ ԱՄՆ նորընտիր նախագահը հրապարակավ քննադատել էր ԿՀՎ–ին, գրում է The Financial Times–ը։

ԿՀՎ նախկին պաշտոնյաները նախագահի եւ հետախուզության միջեւ պայքարի ռիսկ են տեսնում, նշում է պարբերականը։

«Գոյություն ունի նախագահի եւ հետախուզական ծառայությունների միջեւ առճակատման իրական հեռանկար»,– պարբերականի հետ զրույցում ասել է ԿՀՎ նախկին աշխատակից Փոլ Փիլլարը։

Մեկ այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյա նշել է, որ նախկին գործընկերներն արդեն իրեն խնդրել են չքննադատել Թրամփի թիմին էլեկտրոնային նամակագրության ժամանակ, քանի որ այն կարող է վերահսկվել։

Թրամփի եւ ԿՀՎ–ի միջեւ լարվածությունը սկսվել էր այն բանից հետո, երբ նոր նախագահը սեպտեմբերին նախընտրական արշավի ժամանակ ասել էր, որ «մարմնի լեզվից» հասկանում է, որ հատուկ ծառայության աշխատակիցներից ով է դժբախտ Օբամայի վարչակազմի հետ։