Գագիկ Ծառուկյանի վերադարձով ԲՀԿ-ի վարկանիշը մի քանի անգամ կբարձրանա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը:

Նրա խոսքով, Ծառուկյանի վերադարձի հանրային մեծ պահանջ կա եւ «ամբողջ ազգի մեծ մասը պահանջում է Գագիկ Ծառուկյանի վերադարձը»:

Հարցին, թե այդ հոծ բազմությունը ինչու չկանգնեց նրա կողքին, երբ ստիպում էին լքել քաղաքական դաշտը, Մանուկյանը պատասխանեց. «Երբ, որ մարդ լքում, գնում եւ բացատրում է, թե խի է գնում... որ արյունահեղություն չլինի, որովհետեւ ինձ զրպարտում են գողության մեջ, ես կապացուցեմ՝ ես մաքուր եմ, ես ձեզ հիմա չեմ տանում արյունահեղության, որ հետո չասեն, թե իմ նախկին հանցանքները պահելով է... էդ մարդուն թիմը միանշանակ լսում եւ թողում ա հանգիստ»,- ասաց Մանուկյանը:

Դիտարկմանը, թե ինչո՞ւ է Ծառուկյանը ցանկանում գալ քաղաքականություն եւ պատգամավոր դառնալ, եթե նա ապաքաղաքական դեմք է եւ անգամ խորհրդարանի նիստերին չի գալիս Մանուկյանն ընդգծեց, որ Ծառուկյանը մի քանի անգամ եկել է ԱԺ նիստերին, խիստ զբաղված առօրյա ունի, դրա համար ավելի հաճախ չի գալիս:

Նա նշեց, որ ԲՀԿ-ի ապագա քաղաքական պլանները կուսակցութան լիդերին որոշման եւ քննարկման ենթակա հարցեր են:

Ինչ վերաբերում է ԲՀԿ ներկա նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ ունեցած իր հակամարտությանը, եւ արդյոք ներել է նրան, Աբրահամ Մանուկյանը նախ ասաց, որ Նաիրա Զոհրաբյանի հետ որեւէ խնդիր չի կարող ունենալ, ապա հավելեց. «Ոչ, ես ընդհանրապես չեմ ներում սխալ արած մարդկանց»:

Հարցին, եթե Ձեզ էլ վիրավորեին այնպես ինչպես Ծառուկյանին, Դուք կներեի՞ք, Մանուկյանը պատասխանեց, թե տարբեր երկրներ տարիներ շարունակ պատերազմում են, մարդիկ են զոհվում եւ վերջում ներում են իրար. «Ընդհանրապես ներելը դա Աստծուց ա գալիս: Ես աստվածավախ եմ եւ չգիտեմ մի քրիստոնյա, որ աստվածավախ չլինի»: