Ցավոք, աշխարհում դեռեւս երկակի ստանդարտները գործում են, եւ այլ երկրների շահերը ոչ միշտ են համընկնում հայկական կողմերի շահերի հետ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Հանրապետական խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկների ԱԳ նախարարների Համբուրգում ընդունած հայտարարությանը:

Նրա խոսքով՝ հայկական կողմերը մեկ ընդհանուր նպատակ ունեն՝ ամեն ինչ անել, որպեսզի աշխարհին ամբողջական ներկայացնեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի շահերը: «Կարծում եմ՝ Հայաստանում եւ՛ իշխանությունը, եւ՛ ընդդիմությունը այս հարցում համախմբված են: Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի աշխարհին միասին ապացուցենք մեր ժողովրդի պահանջների ճշմարտացիությունը»,- ընդգծեց Մինասյանը: