Կյանքի 69-րդ տարում մահացել է քուրդ ճանաչված բանաստեղծ, հրապարակախոս Ալիխանե Մամեն /Ալիխան Մամեի Մուսոյան/: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի գրողների միությունից:

Ալիխանե Մամեն ծնվել է 1948 թվականի հուլիսի 6-ին,  Աշտարակի շրջանի Կոշ գյուղում (այժմ` ՀՀ Արագածոտնի մարզ): 1966-ին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1973-ին  Երևանի պետհամալսարանի ժոուռնալիստիկայի բաժինը: Աշխատել է ,,Պիոներ կանչ,, , ,,Հայաստանի աշխատավորուհի,, խմբագրություններում, պետական գրապալատում, 1979 թվականից  ,,Սովետական գրող,, հրատարակչությունում:  ՀՀ Գերագույն խորհրդի վերջին գումարման ժամանակ եղել է Մարդու իրավունքների և ազգային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ, ՀԳՄ քուրդ գրողների բաժանմունքի նախագահ, հիմնադրել  մի շարք հասարակական կազմակերպություններ:  ՀԳՄ անդամ է1988 թվականից:  Գրում էր   քրդերեն և հայերեն,  դպրոցական տարիներից տպագրվելով գրական մամուլում:  Բանաստեղծությունների առաջին գիրքը ` ,,Կենաց ծով,, /1983/  խորագրով, ջերմորեն  ընդունվեց  ընթերցասեր հասարակայնության և գրաքննադատության կողմից:  Հաջորդ գրքերը` ,,Քարը,,/1987թ./, ,,Հող և հաց,, /2004 թ. քրդերեն/,  ,,Զագրոսի լույսերը,,/2008թ. քրդերեն/, ,,Նուրանի,,/2010թ, քրդերեն/, նոր գույն էին  քրդական և   հայ գրականության  ներկապնակում:  Նրա ստեղծագործության հենքը, պատկերային համակարգի աղբյուրը   քրդական և հայկական բանահյուսությունն էր:  Վերջին տարիներին ,,Զագրոս,, թերթի գլխավոր խմբագիրն էր: Առանձին գրքով հրատարակվել է նրա ,,Երկխոսություն,, հրապարակախոսական ժողովածուն: Մեծ է նրա վաստակը քրդական  լեզվի և գրականության զարգացման գործում: Նրա ջանքերով են ստեղծվել  քրդական դպրոցների 2-րդ, 3-րդ, 4-րդ դասարանների  մայրենի լեզվի և գրականության դասագրքերը: Ալիխանե Մամեի բանաստեղծական շարքերը թարգմանվել են վրացերեն, ռուսերեն, անգլերեն, ուկրաիներեն և այլ լեզուներով: 2012 թվականին նրա գործունեությունը գնահատվել է կառավարական պարգևով` ,,Մովսես Խորենացի,, մեդալով:                                               

Ալիխանե Մամեի Հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին, ժամը 17.00-ից Արագածոտնի մարզի Կոշ գյուղում: Հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 14-ին, ժամը 13.00-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում