Նիդեռլանդները կհամաձայնեն ստորագրել ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման մասին համաձայնագիրը, եթե ԵՄ առաջնորդները դեկտեմբերի 15-ի գագաթնաժողովին երաշխավորեն, որ Կիեւի հետ մերձեցումը լրացուցիչ ֆինանսական ու ռազմական պարտավորություններ չի առաջացնի ու ուկրաինացիներին Եվրոպայում ապրելու ու աշխատելու իրավունք չի տա։

Բանաձեւի նախագիծը, որը հայտնվել է Reuters–ի տրամադրության տակ, պատրաստել էր Նիդեռլանդները՝ դաշինքի միակ երկիրը, որը չի վավերացրել ԵՄ-ի ու Ուկրաինայի ասոցացման մասին համաձայնագիրը, քանի որ քաղաքացիները ապրիլյան հանրաքվեի ժամանակ դեմ են արտահայտվել դրան։

Համաձայնագիրը նախնական ուժի մեջ է մտել, սակայն Նիդեռլանդները սպառնում էր խզել այն, եթե ԵՄ երկրների առաջնորդները չաջակցեն լրացուցիչ պայմանները, որոնք ձեւակերպել է Հաագան։ ԵՄ գագաթնաժողովի բանաձեւը վարչապետ Մարկ Ռյուտտեին հնարավորություն կտա դիմել խորհրդարան՝ Ուկրաինայի հետ համաձայնագիրը հաստատելու խնդրանքով՝ չնայած հանրաքվեի արդյունքներին։ ԵՄ-ի հետ ասոցացումը ենթադրում է առեւտրային կապերի ընդլայնում ու նպատակ ունի փոխհատուցել 2014-ի եվրոպամետ բանաձեւից հետո կորցրած ռուսական շուկան։

«Խաղաքարտին բարձր դրույքներ են,- ասել է դիվանագետներից մեկը,- Ի վերջո, եթե հոլանդացիները չվավերացնեն համաձայնագիրը, կպարտվեն Ուկրաինան ու ԵՄ-ն, իսկ կշահի Ռուսաստանը»։

Բրյուսելում դիվանագետներն ասում են, որ համաձայնություն,ամենայն հավանականությամբ, արդյունքում ձեռք կբերվի, չնայած շատ երկրների, մանավանդ ԵՄ արեւելյան երկրներին զայրացնում է Նիդեռլանդների դիրքորոշումը։ Իսկ դրանից հետո ԵՄ երկրները այն կքննարկեն Բրյուսելում։

Նախագծում ասվում է, որ Ուկրաինայի հետ ասոցացման մասին համաձայնագիրը «չի պարունակում ԵՄ պարտավորություններ՝ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ կամ ռազմական օգնություն ու աջակցություն տրամադրելու հարցում»։ Դրանում ասվում է, որ ուկրաինացիները չեն ստանա «ԵՄ-ում ապրելու ու ազատ աշխատանքի ընդունվելու իրավունք», Ուկրաինան նաեւ որեւէ լրացուցիչ ֆինանսական աջակցություն չի ստանա ԵՄ-ից։

Այս կետերից ոչ մեկը ասոցացման մասին համաձայնագրով երաշխավորված չէր, սակայն հոլանդացիները ուզում են դրանք հստակ դուրս բերել փաստաթղթի շրջանակից, ընտրողներին հանգստացնելու համար։ Նախագծում նաեւ ասվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարը Ուկրաինայի հետ կապերը ամրապնդելու առանցքային պայմանն է։