Հայաստանի եւ Եվրամիության միջև նոր շրջանակային համաձայնագիրը ներառելու է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, իրավական եւ այլ ոլորտներին վերաբերող հարցեր։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին՝ լրագրողների հետ հանդիպմանն ասել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ նշելով, որ շրջանակային համաձայնագիրը պատրաստ կլինի 2017թ.։
«Երեւանը եւ Բրյուսելը քաղաքական որոշում են ընդունել, որ շրջանակային համաձայնագիրը չի ներառելու միայն քաղաքական դրույթներ, դա ավելի լուրջ պայմանագիր է լինելու՝ Ասոցացման համաձայնագրի «լայթս» տարբերակն է լինելու»,- ասաց Սերգեյ Մինասյանը։
Ըստ նրա՝ խոսքը միայն ֆինանսական աջակցության մասին չէ, խոսքը նաեւ ներդրումների եւ եվրոպական շուկա հայկական ապրանքների հնարավոր մուտքի մասին է։
«Եթե եւ երբ ստորագրվի այս պայմանագիրը, այն նպաստավոր դաշտ կստեղծի նաեւ այլ ոլորտներում համագործակցելու համար, օրինակ՝ հետագայում ազատ վիզային ռեժիմի սահմանում Հայաստանի քաղաքացիների համար նույն ֆորմատով, որը կիրառվել է Ուկրաինայի եւ Վրաստանի դեպքում»,- ավելացրեց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների հերթական՝ վեցերորդ փուլը։ Քննարկվել են համաձայնագրի նախագծի քաղաքական երկխոսության և հիմնական ու եզրափակիչ գլուխների դրույթները։ Բանակցությունների վերջում տեղի ունեցած լիագումար նիստի ընթացքում կողմերն ամփոփել են քաղաքական, ոլորտային համագործակցության, առևտրի ու ներդրումների գլուխների շուրջ ընթացող բանակցությունների արդյունքները։





























