Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունները ծայրաստիճան անշահավետ են Քրդական բանվորական կուսակցությանը, որը շահագրգռված չէ Թուրքիայի կառավարության հետ առճակատումը շարունակելու հարցում։Այս մասին NEWS.am –ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության ու միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող, թուրքագետ Վիկտոր Նադեին- Ռաեւսկին, անդրադառնալով Ստամբուլում տեղի ունեցած վերջին պայթյուններին։

Նրա խոսքով, Քրդական բանվորական կուսակցության պատասխանատվությունը ստամբուլյան ահաբեկչություններում ծայրաստիճան կասկածելի է։ «Այո, դա նման է քրդական ձեռագրին, քանի որ նրանց գործողություները զինվորականների դեմ են, այսինքն քրդերը քաղաքացիական անձանց դեմ չեն կռվում։ Իսկ ԻՊ զինյալները ընտրում են վայրեր, որտեղ շատ մարդ կա, որպեսզի ահաբեկեն, ծնկի իջեցնեն եւ այլն։ Իսկ քրդերը այլ նպատակ ունեն՝ նրանք որպես կանոն մարտնչում են զինվորականների, ոստիկանների դեմ։ Բայց բանն այն է, որ արդեն, ճիշտ է ոչ այնքան հավաստի տվյալներով, պատասխանատվություն է ստանձնել այսպես կոչված «Քուրդիստանի ազատության բազեներ» կազմակերպությունը»,- նշեց Վիկտոր Նադեին Ռաեւսկին։ Այդ կազմակերպությունը,պարզաբանեց թուրքագետը, ժամանակին երիտասարդական էր, իսկ հետո մի քիչ հասունացել է ու առանձնացել Քրդական բանվորական կուսակցությունից։ «Այն ոչ մի ընդհանրություն չունի Քրդական բանվորական կուսակցության հետ, նրանց համար Աբդուլա Օջալանն ու քուրդ պարտիզանները ժողովրդի դավաճաններ են։ Հայտնի չէ, թե ով է այդ կազմակերպության կազմում ու ով է ղեկավարում այն, բայց որպես կանոն, նրանց գործողությունները (մեկն արդնե եղել է այս տարվա փետրվարին, երբ Անկարայում Գլխավոր շտաբից ոչ հեռու օդաչուներով ավտոբուս էին պայթեցրել) տեղի են ունենում իշխանությունների համար շատ հարմար պահի։ Այս անգամ նույնպես իշխանություններին շատ հարմար էր նման ահաբեկչությունը, քանի որ միանգամից ներկայացվեցին իշխող կուսակցության պատգամավորների նախաձեռնությունները նախագահական լիազորություններն ավելացնելու ու երկիրը խորհրդարանական հանրապետությունից նախագահականի վերածելու մասին»,- նկատեց Վիկտոր Նադեին Ռաեւվսկին։ Տվյալ դեպքում, շեշտեց նա, սա ահաբեկչության շատ հարմար պահ է հենց իշխանությունների համար։

«Այսինքն Օջալանը, որը վաղուց էր փորձում վերականգնել կառավարության հետ հարաբերությունները ու վերադառնալ բանակցոթյունների, իհարկե շահագրգռված չէ ահաբեկչություններ իրականացնել։ Երկրորդ՝ Քրդական բանվորական կուսակցությունը պայքարը մղում է ոչ մեծ քաղաքներում՝ երբեք մեծ քաղաքներում նման բաներ չի կազմակերպում։ Նրանց ձեռագիրը բոլորովին այլ է»,- շեշտեց Վիկտոր Նադեին -Ռաեւսկին։

Կան կասկածներ, միաժամանակ հավելեց թուրքագետը, որ «Քուրդիստանի ազատության բազեներ» կազմակերպությունը ստեղծվե լ է հենց Թուրքիայի իշխանությունների կողմից։ «Բայց այս հարցով վերջնական եզրակացությունների համար պետք է իհարկե նայել, թե պաշտոնապես ով կստանձնի պատասխանատվություն»,- ամփոփեց Նադեին-Ռաեւսկին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ի երեկոյան Ստամբուլում՝ Vodafone Arena մարզադաշտի մոտ կրկնակի ահաբեկչություն էր իրականացվել։ Թուրքիայի ներքին գործերի նախարարի խոսքով պայթյունների մեկը իրականացրել է մահապարտը, իսկ երկրորդ հարձակումը իրականացվել է պայթուցիկով մեքենայի գործածումով։ Ավելի ուշ «Քուրդիստանի ազատության բազեներ» արմատական խմբավորումը պատասխանատվություն էր ստանձնել այդ ահաբեկչության համար։ Նրա տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, որ հարձակումների նշանակետը թուրք ժողովուրդը չէր, այլ Արդարության ու զարգացման ֆաշիստական կուսակցությունը ու նրան սպասարկող ոստիկանությունը։

Ստամբուլում կրկնակի ահաբեկչության հետեւանքով զոհվածների թիվը, վերջին տեղեկություններով, հասել է 44-ի։Նշում են, որ 44 զոհերից 33-ը ոստիկաններ են։