Ձմեռ պապի եւ Ձյունանուշի ծառայություններ առաջարկող երեւանյան կազմակերպությունների մեծ մասում արդեն բոլոր տեղերն համարյա զբաղված են: Նախատոնական եռուզեռի մի մասը կազմող Ձմեռ պապի եւ Ձյունանուշի ծառայություններ առաջարկող կազմակերպություններն ու գործակալությունները շարունակում են գրանցել մեծ թվով պատվերներ՝ մասնավորապես դեկտեմբերի 31–ի համար։ NEWS.am-ը մի քանի կազմակերպություններից փորձել է պարզել ընդհանուր պատկերը։
«Բում–բումիկ» ՍՊԸ–ն դեկտեմբերի 31–ի երեկոյան Ձմեռ պապի ու Ձյունանուշի վարձույթն իրականացնում է 20 հազար դրամ արժողությամբ։ Տեւողությունը 30 րոպե է, իր մեջ ներառում է 2 երեխայի համար նախատեսված խաղ–նվերներ, երգեր պարեր։ Նույն պայմանները պահպանվում են նաեւ հունվարի տոնական օրերի համար։ Իսկ դեկտեմբերի 31–ին ժամը 12–ին վարձույթն արժե 50-60 հազար դրամ՝ դարձյալ 30 րոպե տեւողությամբ եւ նույն պայմաններով։
«Երազանք» ՍՊԸ–ի դեպքում պատկերը մի փոքր այլ է։ Այստեղ Ձմեռ պապի եւ Ձյունանուշի վարձույթը դեկտեմբերի 31–ին մինչեւ երեկոյան ժամը 23։00-ն արժե 20 հազար դրամ, իսկ միայն Ձմեռ պապի վարձույթը՝ 15 հազար դրամ։ Երկուսի վարձույթը մինչեւ 23։30 արժե 35 հազար դրամ, 11։30–ից հետո՝ 40 հազար դրամ։ Տեւողությունը բոլոր դեպքերում նույնն է՝ 20 րոպե։ Իր մեջ ներառում է խաղեր, հանելուկներ։ Հունվարի տոնական օրերին վարձույթն արժե 20 հազար դրամ։
«Ձմեռ պապ» գործակալությունում այցելության տեւողությունը կարճ է՝ 10–15 րոպե։ Ձմեռ պապի ու Ձյունանուշի վարձույթը երկու երեխայի համար նախատեսված նվերով ու մեկ անակնկալով արժե 20 հազար դրամ։ Դեկտեմբերի 31–ի գիշերը գները փոխվում են նաեւ այստեղ։ 10։30–11։30–ին վարձույթն արժե 30 հազար դրամ, 12։00–12։30–ին՝ 50-60 հազար դրամ, 01։00–01։30–ին՝ 30 հազար դրամ։ Սակայն հունվարի տոնական օրերին «Ձմեռ պապ» գործակալությունում զեղչեր են գործում։ Մեկ այցելության գինը կազմում է 18 հազար դրամ, սակայն իր մեջ նվերներ չի ներառում։





























