Լեւոն Տեր-Պետրոսյանի, Գագիկ Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին հետաքրքիր իրավիճակ է ստեղծում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Ինչքան կարկառուն դեմքեր լինեն ցուցակները գլխավորողներն, այնքան ավելի հետաքրքիր, քաղաքական է դառնում մրցակցությունը: Դուք քաղաքական դեմքերի անուններ եք տալիս, որոնք գլխավորում են իրենց կուսակցությունների ցուցակները եւ իրավիճակը հետաքրքրանում է, մրցակցությունը քաղաքական է դառնում »,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Չնայած ընտրական գործընթացների մեջ առաջին նախագահն է լինելու, երբեմնի 2-րդ քաղաքական ուժի ղեկավար Գագիկ Ծառուկյանը, սակայն Բաղդասարյանը կարծում է, որ իշխանության ընտրազանգվածի վրա դա բացասաբար չի ազդելու, ավելին` գործը հեշտանում է, քանի որ այդպիսի մրցակցության դեպքում քաղաքական դաշտն է կայանում:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը նեղսրտեց, որ հարազատ կուսակցության վարկանիշի վերաբերյալ բացասական կարծիքներ են հայտնում: Հիշեցրեց վերջին` հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունները, որի ժամանակ քվեարկության բարձր տոկոսը իրենց օգտին է եղել:
«Ասում են` ՀՀԿ-ի հեղինակությունն ընկած է, բայց, երբ որ գալիս է համայնքային ընտրություններ` գյուղապետ, քաղաքապետ, տեսնում ես, որ ասպարեզում չկա որեւէ քաղաքական ուժ: Եւ լոկ խոսքեր են դրանք»:





























