Վանաձորի քաղաքապետի ընտրությունից հետո եռամսյա ժամկետը լրանալուց հետո՝ այն է, մինչ 2017թ.-ի հունվարի 10-ը, «Լուսավոր Հայաստանը» կդիմի կառավարությանը՝ քաղաքի ավագանին լուծարելու պահանջով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Վանաձորի ավագանու նիստը հերթական անգամ տապալվելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Քրիստ Մարուքյանը՝ պատասխանելով ավագանու նիստը բոյկոտելու մասին լրագրողների հարցին:
«Եթե Հանրապետական կուսակցությունը չունի մեծամասնություն, հետեւաբար չունի նաեւ քաղաքը կառավարելու մանդատ: Եվ մարդկանց դժբախտությունը շահարկելով նիստ գումարելով, որ իբր դա կապ չունի քաղաքականության հետ... չգիտեմ ո՞վ կարող է հավատալ կամ ընդունել այդ պնդումներ: Մեզ համար այս պրոցեսը եղել է քաղաքական ու շարունակում է մնալ քաղաքական»,- ասաց Քրիստ Մարուքյանը:
Նրա խոսքով, «Լուսավոր Հայաստանը» կաջակցի հրդեհից տուժած ընտանիքներին ավագանու նիստերին մասնակցել-չմասնակցելուց անկախ:
Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հնչեցրած տեսակետին, թե մինչ տարեվերջ եւս մեկ նիստ կհրավիրվի, Քրիստ Մարուքյանն արձագանքեց. «Մեծամասնություն չապահովվելու դեպքում «Լուսավոր Հայաստանը» կրկին չի մասնակցի նիստերին»:
Նա նաեւ վստահեցրեց. «Եռամսյա ժամկետը լրանալուց հետո՝ այն է, մինչ 2017թ.-ի հունվարի 10-ը լրանալուց հետո Լուսավոր Հայաստանը կդիմենք կառավարությանը՝ ավագանին լուծարելու պահանջով»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վանաձորի քաղաքապետի ընտրության ժամանակ «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» եւ «Բարգավաճ Հայաստան» քաղաքական ուժերից կազմված դաշինքից 4 հոգի քվեարկել էր ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտին, ինչի շնորհիվ էլ ընդամենը 15 մանդատի արժանացած ՀՀԿ-ի թեկնածուն ստացել էր 19 ձայն եւ կարողացել էր հաղթել 18 մանդատ ունեցող դաշինքին:
Քաղաքապետը ընտրություններից հետո Մամիկոն Ասլանյանին այդպես էլ չի հաջողվում լիարժեք աշխատել այս պաշտոնում, քանի որ ավագանու ոչ իշխանական խմբակցությունների անդամները բոյկոտում են ավագանու նիստը:





























