Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով այսօր` դեկտեմբերի 13-ին, ցուցմունք տվեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ- գինեկոլոգ Նորայր Ղուկասյանը, որը մահացած ծննդկանի ամուսնու ազգականներից է:
Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նորայր Ղուկասյանը պատմեց, որ Մերի Մարգարյանի վիճակի մասին իմացել է հուլիսի 26-ին նրա սկեսրայրից:
«Մերիի սկեսրայրը զանգեց ինձ, ասաց, որ Մերին վատ է զգում, ջերմություն ունի, տան պայմաններում բուժում է ստանում, բայց վիճակի մեջ փոփոխություն չկա: Առաջարկեցի տանել մեզ մոտ, հետազոտել, բայց ասաց, որ հեռու է, ես էլ ասացի` գոնե Արաբկիրի հիվանդանոց տարեք, թող նայեն: Ինձ հարցրեց` ինչ կարծիքի ես Շուշանիկ Բախշյանի մասին, ասացի` բարձր կարծիքի եմ, այսքանով խոսակցությունն ավարտվել է: Հաջորդ օրը առավոտյան 07:00-ի կողմերը ինձ զանգեց նորից ու ասաց, որ զանգեմ Շուշանիկ Բախշյանին, ասեմ` Մերին իմ ազգականն է, որ նորմալ վերաբերի, ես էլ զանգեցի բժշկուհուն, ինքն արդեն հիվանդանոց էր գնում»,- պատմեց վկան:
Նորայր Ղուկասյանը ժամը 11:00-ի սահմաններում նույնպես հեռախոսով զրուցել է Շուշանիկ Բախշյանի հետ, երկու ժամ անց բժշկուհին իրեն հետ է զանգել ու ասել, որ Մերի Մարգարյանի վիճակը վատանում է, ցանկանում են բազմապրոֆիլային հիվանդանոց տեղափոխել: Նորայր Ղուկասյանն առաջարկել է այդ հարցը ադմինիստրացիայի հետ լուծել. «Ժամը 15:10-ին Մերին ընդունվել է մեզ մոտ «արյունազեղում հարցականով» ախտորոշմամբ, անմիջապես նյարդաբանն է զննել, ասել է, այնուհետեւ ռեանիմատոլոգն է նայել ու միանգամից որոշում կայացրել տեղափոխել վերակենդանացման բաժանմունք, այդ ընթացքում հետազոտություններ են արվել»:
Մանկաբարձ- գինեկոլոգները Մերի Մարգարյանին, ըստ վկայի, զննել են ժամը 16:30-ի սահմաններում եւ որոշում կայացրել անմիջապես կեսարյան հատում անել, քանի որ պտղի սրտի զարկի բաբախի նվազում կար եւ պտղաջրերի իսպառ բացակայություն: Բժշկի պատմելով` վիրահատարան տեղափոխելու ճանապարհին արդեն ստացել են հետազոտության արդյունքները, որոնց համաձայն, տրոմբոցիտների նվազում կար եւ լյարդի ֆեգմենտների բարձրացում. «Մերիի մոտ ախտորոշվեց ՀԵԼԼՓ համախտանիշ»:
Դատավոր Դավիթ Բալայանը հետաքրքրվեց` ինչու է այս ախտորոշումը տրվել հարցականով, Նորայր Ղուկասյանը հստակ պատասխան չկարողացավ տալ: Ամբաստանյալների պաշտպաններն էլ հարցրին` ինչու է Մերի Մարգարյանը հիվանդանոց ընդունվել ժամը 15:10-ին, իսկ գինեկոլոգները զննել են 16:30-ին, վկան արձագանքեց. «Մերին մեզ մոտ եկել է արյունազեղման կասկածանքով, մեզ ասել են` գինեկոլոգիական խնդիր չունի, այդ պատճառով նախ նյարդաբանն է զննել, հետազոտություններ է անցել, որից հետո մենք ենք զննել նրան»:
Դավիթ Բալայանի դիտարկմանը` ողջամի՞տ էր այդ ժամկետը, որ հիվանդանոց ընդունվելուց 2 ժամ անց է միայն կեսարյան հատում արվել, վկան պատասխանեց` ոչ, ապա հորդորեց այդ հարցն ուղղել իրավասու մարդկանց:
Դատական հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 20-ին:
Հիշեցնենք, որ 26-ամյա Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան մեջ մեղադրվում են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ - գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:





























