Ես դրական եմ գնահատում «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների միջեւ միության կնքումը։ Այս մասին դեկտեմբերի 13-ին ԱԺ–ում լրագրողներին ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը։

Պատգամավորը չի բացառել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը միանալու հնարավորությունը։

Անդրադառնալով լրատվամիջոցներում պտտվող լուրերին, թե ինքը հանդիպել է ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, Սարգսյանն ասաց. «Անկեղծ ասած՝ ես ինքս մամուլից իմացա, որ հանդիպել եմ Գագիկ Ծառուկյանի հետ»։

Պատգամավորը դրական է վերաբերվում երեք ընդդիմադիր քաղաքական ուժերի միավորմանը։ «Ես շատ դրական եմ վերաբերվում այն քաղաքական ուժերի միավորմանը, որոնք ի վիճակի են լուծել իրենց ներքին խնդիրները։ Այդ կոնտեքստում ես ուրախ եմ, որ «Լուսավոր Հայաստանը», «Հանրապետությունը», «Քաղաքացիական պայմանագիրը» դաշինք են կնքել։ Ես երկար ճանապարհ եմ անցել Նիկոլ Փաշինյանի, Արամ Սարգսյանի հետ։ Բարձր եմ գնահատում նրանց համագործակցությունը եւ բոլոր քաղաքական գործիչներին կոչ եմ անում մի կողմ թողնել տարաձայնությունները եւ օգտվել միավորվելու հնարավորությունից»,– ասել է Լյուդմիլա Սարգսյանը։