«1000 դրամների» մասին օրինագծով նոր հարկատեսակ է մտցվում: Այսօր` դեկտեմբերի 13-ին, խորհրդարանում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
«Հայաստանում այսօր գործում է 14 հարկատեսակ, իսկ Վրաստանում` 5: Եվ այսօր մենք ունենալու ենք 15-րդ հարկատեսակը, որը մատուցվում է մեծ լավություն, կամք դրսեւորելու կամ քաղաքացու վերաբերմունք ցույց հնարավորություն, բայց սա ընդամենը նոր հարկատեսակ է, որը ներկայացվում է դրոշմանշային վճար»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավարը հիշեց Խորհրդային իշխանությունները տարիներին քաղաքացիներին վաճառվող դրոշմանշերը` Վիետնամի պատերազմի հետեւանքների վերացման, Կամբոջային սովյալներին օգնելու, Կարմիր խաչին աջակցելու նպատակով. «Սովետը սա անում էր պարտադրանքով, սակայն ներկայացնում` որպես կամավոր: Հայաստանի իշխանությունները առանց ավելորդությունների ասում են` եկեք այս դրոշմանշային վճարը դարձնենք պարտադիր»:
Զուրաբյանի համար անհասկանալի է` ցանկացած կենսական նշանակություն ունեցող հարցի համար հարկատեսակ է ավելացվելու, օրինակ, Գյումրին երկրաշարժից հետո չի վերականգնվել ամբողջությամբ, պետք է տուն ունեցող յուրաքանչյուր անձը 10 հազար դրա՞մ վճարի: Պատգամավորի խոսքով` անհրաժեշտ է պարզեցնել հարկային համակարգը, թույլ տալ, որ գործարարական կապիտալը գա Հայաստան, տնտեսությունը զարգանա, ինչի հաշվին կավելացվի բյուջեն, որն էլ հնարավորություն կտա լուծել կենսական նշանակության հարցեր. «Ոչ թե ամեն մի խնդրի համար դրամահավաք կազմակերպենք, որը նշան է պետության սնանկության եւ անկարողության»:





























