Սեւանա լճի հարակից համայնքների բնակիչները հիմնականում արձագանքել են որսի արգելքի ժամանակահատվածում ապօրինի ձկնորսություն իրականացնելու հորդորներին:

«Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի վարչական շենքում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի որսի արգելման ժամանակահատվածում երեք գերատեսչությունների` ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից իրականացվող միջոցառումների ընթացքի վերաբերյալ: 

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը  կարեւորելով երեք կառույցների իրականացրած համատեղ նպատակային աշխատանքները, միեւնույն ժամանակ առաջնային է համարել տեղի բնակչության հետ բացատրական, կանխարգելիչ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը: Նախարարը հայտնել է, որ իրականացվող միջոցառումների արդյունավետությունը թույլ կտա հետագայում անցնել կառավարելի, օրինական ձկնորսության թույլտվությանը եւ դրան համապատասխան  պահպանության ուժեղացված նոր համակարգի ներդրմանը:

Բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Իգոր Սարգսյանը ներկայացրել է  Սեւանա լճի հարակից տարածքներում եւ ողջ հանրապետությունում իրականացվող աշխատանքների արդյունքները, հայտնելով, որ բացահայտվել են սիգի ապօրինի վաճառքի դեպքեր եւ նյութերը հանձնվել են իրավապահ մարմիններին: Տեղեկացվել է, որ որսի արգելքի առաջին 12 օրվա ընթացքում հանրապետության ողջ տարածքում հայտնաբերվել եւ առգրավվել է մոտ 1300 «սիգ» տեսակի ձուկ: Տեսչության պետի տեղակալը հանգամանալից ներկայացրել է լճի հարակից համայնքների բնակիչների հետ տարվող բացատրական աշխատանքների ընթացքը:

ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետ գնդապետ Աղասի Կիրակոսյանը նշել է, որ արդեն 6 տարի է ինչ համատեղ միջոցառումներ են իրականացվում ձկան որսի արգելքի շրջանում եւ այս տարի դրանք ավելի արդյունավետ եւ խիստ են, նախորդ տարիներին նման արդյունքներ չեն արձանագրվել: ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները, Բնապահպանական պետական տեսչության եւ «Սեւան» ազգային պարկի հետ միասին, արգելքի 10 օրվա ընթացքում Հանրապետության ողջ տարածքում արձանագրել է 14 դեպք, ինչի արդյունում առգրավվել է 743 հատ ապօրինի վաճառվող Սիգ տեսակի ձուկ, այն դեպքում, երբ նախորդ տարիներին եղել են բացահայտումներ, երբ միայն մեկ արձանագրած  դեպքով առգրավվել էր 1000-ից ավել ձուկ:

«Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Վահե Գուլանյանը նշել է, որ պարկի եւ մասնաճյուղերի աշխատակիցների կողմից  իրականացվում է  շուրջօրյա հսկողություն լճի ափամերձ տարածքներում: Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների հետ միասին Սեւանա լճի վրա իրականացրած շրջայցի ընթացքում հայտնաբերվել է 15 հատ պոլիէթիլենային ձկնորսական ցանց եւ մեկ ռետինե նավակ: Իրականացված միջոցառումների արդյունքում միայն Սեւանա լճում եւ նրա հարակից տարածքներից արգելքի ժամանակահատվածում հայտնաբերվել եւ առգրավվել է 430 հատ սիգ տեսակի ձուկ, ինչը հանձնվել է մանկապարտեզներին, մանկատներին եւ տուն ինտերնատներին: Նախապատրաստվել են նյութեր եւ ուղեկցող գրություններով հանձնվել են  ոստիկանության բաժիններին:

Խորհրդակցության ժամանակ գերատեսչությունների ներկայացուցիչները ներկայացրել են նաեւ տեղի համայնքների ղեկավարների հետ համատեղ աշխատանքների արդյունքները: Նշվել է, որ Սեւանա լճի հարակից համայնքների ղեկավարների անմիջական հորդորով համայնքների բնակիչները դուրս են հանել իրենց լողամիջոցները լճից եւ զերծ են մնում ապօրինի ձկնորսությունից: Խորհրդակցությունում նշվել է, որ Սեւանա լճի հարակից համայնքների բնակիչները հիմնականում արձագանքել են ՀՀ բնապահպանության նախարարության կոչին եւ տեղում միջոցառում իրականացնող աշխատակիցների հորդորներին եւ ձեռնպահ են մնում ապօրինի ձկնորսությունից, բայց նաեւ արձանագրվել է, որ դեռ ապօրինի ձկնորսության դեպքեր կան:

Բնապահպանության նախարարը համոզմունք է հայտնել որ երեք կառույցների համատեղ միջոցառումների ավելի ինտենսիվացումը եւ հասարակության հետ բացատրական աշխատանքը կտան ակնկալվող արդյունքները, ինչը  դրականորեն կարտահայտվի սիգի պաշարների  եւ ընդհանրապես լճի էկոլոգիական վիճակի վրա, որը իր հերթին նախադրյալներ կստեղծի տեղի բնակչության սոցիալական խնդիրները լուծելու համար: