Եթե իշխանություններն առաջարկում են պատժել ապօրինի հարստացած պաշտոնյաներին, ապա այդ պատիժը պետք է հետադարձ ուժ ունենա: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ ելույթ ունենալով Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկմանը:
Ժամանակին ՀԱԿ-ը դատախազությանն է ներկայացրել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եկամուտների հայտարարագրի վերաբերյալ իր պատկերացումները: «Նրա եկամուտներում եւ ունեցվածքում մենք 10 մլն դոլարի անհամապատասխանություն էինք գտել: Սակայն դատախազությունում մեզ պատասխանեցին, որ այդտեղ հանցակազմ չկա: Այսինքն՝ ստացվում է, որ անցած համանման հանցագործությունների համար ոչ մեկը պատասխան չի՞ տալու»,- ասաց Զուրաբյանը:
Ի պատասխան՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ առաջարկվող հանցակազմը նոր է, ուստի չի կարող հետադարձ ուժ ունենալ: Սակայն հետադարձ կարելի է մեղադրանքներ առաջադրել այլ, բովանդակությամբ նման քրեական հոդվածներով՝ իրավասությունների գերազանցում, կաշառքի ստացում եւ այլն:





























