«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համագործակցությամբ հայտարարում է դրամաշնորհային երկու մրցույթ: Այս մասին դեկտեմբերի 14–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ, ԳՄՀԸ) հայաստանյան ծրագրի ղեկավար Աննե Դորիթ Կեմպան:
«Այս նախագծի նպատակն է բարելավել ազգային բիզնես եւ ներդրումային միջավայրերը՝ դրանով նպաստելով փոքր եւ միջին բիզնեսի ստեղծմանն ու զարգացմանը Հայաստանում: Նախագիծը կիրականացվի հինգ ոլորտային ուղղություններով: Առաջինը՝ ռազմավարությունների ներդրումն է, երկրորդը՝ մասնավոր սեկտորի կազմակերպությունների ուժեղացումը, երրորդը՝ ինովացիոն մտքերի իրականացումը՝ հետազոտական ինստիտուտները բիզնեսին կապելով, չորրորդը՝ տնտեսական կլաստերների՝ ինկուբատորների եւ տեխնոպարկերի կառավարման բարելավումը եւ հինգերորդը՝ ինովացիոն ստարտափերի եւ գործող ՓՄՁ-ների ֆինանսավորումը: Նշված կետերի իրականացմանն էլ ուղղված են լինելու հայտարարված երկու դրամաշնորհային ծրագրերը»,- ասաց Աննե Դորիթ Կեմպան:
Հայտարարված դրամաշնորհային մրցույթների երկու բաղադրիչներն են նորարարությանն ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհները եւ գիտատեխնիկական ոլորտում ձեռնարկատիրական գործունեությանն ուղղված դրամաշնորհները:
Նորարարությանն ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի շրջանակում 2017, 2018/2019թ-ի ընթացքում կհատկացվի 18 դրամաշնորհ` 30.000 մինչեւ 50.000 եվրոյի չափով՝ նախատեսված առավելագույնը 12 ամիս տեւողությամբ ծրագրերի համար, իսկ գիտատեխնիկական ոլորտում ձեռնարկատիրական գործունեությանն ուղղված դրամաշնորհների մրցույթի շրջանակում 2017, 2018/2019թ hամար կհատկացվի շուրջ 10 դրամաշնորհ՝ 15.000 եվրո ծավալով, նախատեսված առավելագույնը 12 ամիս տեւողությամբ ծրագրերի համար:
Մրցույթին կարող են մասնակցել հայաստանյան ընկերությունները, որոնք ունեն տեխնոլոգիական ուղղվածություն եւ համապատասխան փորձ, օրինակ` ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների, կենսատեխնոլոգիաների ոլորտում, առնվազն մեկ տարի գրանցված են Հայաստանի Հանրապետությունում եւ ի վիճակի են ապահովել անհրաժեշտ համաֆինանսավորումը:
«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրամիության եւ Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից, ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում։





























