Մեր քաղաքացիների վերաբերմունքը ԵՏՄ-ին դեռեւս, մեղմ ասած, սպասողական է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահն ու ԵՏՀ կոլեգիայի նախագահը քննարկել են ԵՏՄ զարգացման արդի միտումները համաշխարհային տնտեսական բարդ իրավիճակի պայմաններում, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ազդեցությունը մեր երկրի տնտեսության վրա, անդամ երկրների միջեւ համագործակցության ներկայիս մակարդակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ Միության բարձրագույն խորհրդի առաջիկա նիստին վերաբերող հարցեր:

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

«Մենք միասին Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու գործընթացի ակունքներում էինք, եւ այդ միությանն անդամակցելով՝ ակնկալիք ունեինք էապես բարելավել Հայաստանի տնտեսական վիճակը: Ցավոք, անդամակցությունը համընկավ միջազգային տնտեսական գործընթացների հետ, որոնք բացասաբար ազդեցին երկրի տնտեսության վրա, եւ մեր քաղաքացիների վերաբերմունքը Եվրասիական տնտեսական միությանը դեռեւս, մեղմ ասած, սպասողական է, թեեւ չանդամակցելու պարագայում, ես վստահ եմ՝ բացասական մոտեցումներն ավելի շատ կլինեին:

Այս ընթացքում, համոզված եմ, հսկայական աշխատանք է կատարվել, եւ ընդամենը տասն օր հետո մենք հնարավորություն կունենանք ամփոփելու որոշակի արդյունքներ»,-ԵՏՀ կոլեգիայի նախագահի հետ հանդիպմանն ասել է նախագահ Սարգսյանը:

Հանրապետության նախագահը կարեւորել է դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի օրակարգում ներառված հայեցակարգային փաստաթղթերն ու որոշումները, այդ թվում՝ Եվրասիական միության Մաքսային օրենսգիրքը, որի ընդունումը, Նախագահի համոզմամբ, մաքսային վարչարարության միջազգային լավագույն փորձը կբերի միության մաքսային պրակտիկա՝ գործարարների ու բնակչության համար հնարավորություն ստեղծելով մաքսային կառույցների հետ աշխատելու պարզեցված եւ ժամանակակից միջոցներով:

Սերժ Սարգսյանն ընդգծել է նաեւ դեպի երրորդ երկրներ առեւտրատնտեսական կապերն ամրապնդելու ուղղությամբ աշխատանքը, նշելով, որ հայկական կողմն այդ գործում օգտագործում է առանձին երկրների հետ հարաբերությունների իր փորձն ու ներուժը: «Մենք ակտիվորեն աջակցում ենք Եվրասիական հանձնաժողովի եւ մեր ավանդական գործընկերոջ՝ Իրանի միջեւ բանակցային գործընթացին՝ նպատակ ունենալով հնարավորինս արագ եւ արդյունավետ հասնել ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրմանը»,-նշել է Հանրապետության Նախագահը:

ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին հանդիպման եւ եվրասիական ինտեգրման օրակարգի նկատմամբ նրա մշտական ուշադրության ու աջակցության համար: