Երեւանի Բաղրամյան 56 հասցեում թիվ 4 մասնաճյուղի հարևանությամբ տեղակայված ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատը, որը կողոպտելու փորձ է արվել, արդեն գործում է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՎՏԲ բանկից:
Ըստ այդմ, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, գիշերը ժամը 4:30-ին կատարվել է Բաղրամյան փող, 56 հասցեում թիվ 4 մասնաճյուղի հարևանությամբ տեղակայված ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատի կողոպտման փորձ:
Հանցագործներին չի հաջողվել իրականացնել կողոպուտ, բանկոմատին հասցվել է աննշան վնաս։
Հիշեցնենք, որ Երեւանի Սարյանի փողոցում գտնվող բանկոմատը այսօր վաղ առավոտյան ժամը 06.00-ի սահմաններում պայթեցրել են: Տեղում աշխատում են իրավապահները: Սարյան փողոցում շների միջոցով մասնագետներն աշխատանք են տանում գտնելու հանցագործներին:
ՀՀ Քննչական կոմիտեից խոստացան դեպքի մանրամասներ տրամադրել մի փոքր ուշ. «Հանգամանքները ճշտվում են»,-ասացին:
Ըստ Shamshyan.com-ի` Սարյան փողոցում գտնվող բանկոմատից պայթեցման եղանակով հափշտակել են մոտ 7.5 մլն դրամ:





























