Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` դեկտեմբերի 16-ին, դատարանը բավարարեց ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվողներ Հայկ Հովհաննիսյանի, Արման Մխիթարյանի, Նարեկ Սարգսյանի եւ Ալբերտ Ավագյանի վերաբերյալ քրեական գործով դատաքննությունն իրականացնել արագացված կարգով:
Ամբաստանյալների շահերի պաշտպանները միջնորդությամբ հանդես եկան իրենց պաշտպանյալների նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալէ դատարանին ներկայացնելով ամբաստանյալների բնութագիրը:
Դատախազը մեղադրական ճառին նախապատրաստվելու համար դատարանից ժամանակ խնդրեց, դատարանը նիստը հետաձգեց:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայկ Հովհաննիսյանը, Արման Մխիթարյանը, Նարեկ Սարգսյանը եւ Ալբերտ Ավագյանն իրենց առաջադրված մեղադրանքն ընդունել են եւ զղջացել են իրենց կատարած արարքի համար:
Ըստ մեղադրանքի՝ Հայկ Հովհաննիսյանը, Արման Մխիթարյանը, Նարեկ Սարգսյանը եւ Ալբերտ Ավագյանը 2016թ. հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած, բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով, ոտքերով եւ մահակով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին:
Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով:





























