Առաջ հանդես էի գալիս կիսապաշտպանի դիրքում, հիմա՝ հարձակվող եմ, այդ պատճառով էլ այդքան գոլեր եմ խփում: Այդ մասին NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում ասաց Գերմանիայի 4-րդ դիվիզիոնի (Ռեգիոնալ Լիգայի) «Շտայնբախ» թիմի  հայազգի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը, ով ընթացիկ առաջնությունում արդեն 14 գոլ է խփել:

«Հայաստանի հավաքականում նորամուտս այդքան էլ հաջող չստացվեց, երիտասարդ էի շատ ու հուզված: Եթե կրկին հրավիրեն շատ ուրախ կլինեմ»,-ասաց նա:

Սարգիս Ադամյանը հանդես է եկել Հայաստանի երիտասարդական հավաքականում, ինչպես նաեւ մասնակցել է Հայաստան – Դանիա (2013թ  0-1) հանդիպմանը:

Սարգիս, անգամ անզեն աչքով երեւում է, որ խաղիդ մեջ առաջընթաց ես գրանցել: Արդեն 14 գոլ ես խփել: Ինչի՞ հետ է կապված այս առաջընթացը:

Փոխվել է իմ խաղային դիրքը: Այժմ հանդես եմ գալիս հարձակվողի դիրքում՝ առաջ կիսապաշտպան էի: Խաղս բարելավվել է: Մեր թիմը շատ լավն է, ես էլ արդեն 14 գնդակ եմ խփել:

Պայմանագիրդ թիմի հետ մինչեւ ե՞րբ է:

Մինչ եկող տարվա ամառ: Եթե մեկ լիգա բարձրանանք, եւս մեկ տարով կերակարաձգեն:

Զուգահեռաբար այլ տարբերակներ չե՞ս փնտրում:

Իմ գործակալը տարբերակներ նայում է: Մինչ ամառ հաստատ այստեղ եմ: Եթե առաջ չգնանք, արդեն հնարավոր է նոր թիմ սկսեմ փնտրել:

Կցանկանա՞ս Գերմանիայում մնալ՝ անկախ թե որ լիգայում ես հանդես գալիս:

Իմ ընտանիքը Գերմանիայում է: Ինձ մոտ այստեղ ամեն ինչ լավ է: Շատ ավելի լավ կլիներ, եթե ավելի բարձր լիգայում խաղայի:

Մխիթարյանը նպաստե՞ց, որպեսզի Գերմանիայում ավելի շատ իմանան հայկական ֆուտբոլի մասին:

Իհարկե, նրանից հետո այստեղ ավելի ճանաչելի դարձավ հայկական ֆուտբոլը:

Դու հավաքականի կազմում հանդես ես եկել Հայաստան – Դանիա (2013 թ ԱԱ ընտրական փուլի) խաղում: Դրանից հետո այլեւս չհրավիրվեցիր: Այս տարիների ընթացքում քեզնով չե՞ն հետաքրքրվել:

Ոչ, այդ խաղից հետո չեղավ հետաքրքրություն: Վարդան մինասյանը հեռացավ, նոր մարզիչը ինձ էլ չկանչեց: Ինձ թվում է՝ կապ ունի այն, որ ես Գերմանիայի չորրորդ լիգայում եմ հանդես գալիս: Երեւի այդքան էլ ուժեղ լիգա չէ հավաքականում խաղալու համար

Ինչպե՞ս գնահատեցիր քո առաջին ելութը հավաքականում:

Այդ ժամանակ 19 տարեկան էի: Այնպես չստացվեց, ինչպես կուզեի:

Այժմ հավաքականը նոր մարզիչ ունի: Կարծում ես, եթե շարունակես այդքան շատ գոլ խփել, քեզ կկանչե՞ն:

Չեմ կարող ասել: Դա նրա որոշումն է: Ես շատ կուրախանայի:

Առաջիկա ծրագրերդ:

Ավելի բարձր լիգայում խաղալ:

Ֆուտբոլից բացի ինչո՞վ է լի կյանքդ: Facebook-իդ էջից երեւաց, թե շուտով ամուսնանում ես:

Ոչ, ոչ: Գերմանացի ընկերուհի ունեմ, միասին ենք ապրում: Շփվում են ընտանիքիս հետ: Իսկ առհասարակ շատ ժամանակ չեմ ունենում: Հիմնականում մարզվում եմ:

Վերա Մարտիրոսյան