Ավստրիայի Իննի Բրաունաու քաղաքի իշխանությունները հրաժարվել են ապամոնտաժել այն տունը, որտեղ ծնվել է Երրորդ ռեյխի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերը, հայտնում է BBC News–ը։
Երկրի ՆԳ նախարար Վոլֆգանգ Սոբոտկան, քաղաքապետ Յոհաննես Վայդբախերը ու նահանգապետ Յոզեֆ Պյուրինգերը որոշել են վերանորոգել շենքն ու այն փոխանցել կազմակերպությանը, որն օգնում է սահմանափակ հնարավորություններով մարդկանց։ Նրանց խոսքով տունը ապամոնտաժելուց հրաժարվելը «ակնհայտ խորհրդանիշ է Հիտլերի իրականացրած հանցագործությունների դեմ»։
Նշում են, որ շենքի սեփականատեր Գերլինդե Պոմմերին փոխհատուցում է վճարվելու։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին Ազգային խորհրդի պատգամավորները ընդունել էին օրենք, որը թույլատրում է օտարել այն տունը, որտեղ ծնվել ու կյանքի առաջին երեք տարիներն է անցկացրել Հիտլերը։
Սոբոտկան մինչ այդ կողմ էր, որ ապամոնտաժեն այդ շենքը, որը կարող է նեոնացիստների ուխտագնացության վայր դառնալ։





























