Ստարտափը պետք է հնարավորինս պարզ լինի, գոնե սկզբնական փուլում: Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է  ԱՄՆ Ատլանտա քաղաքի Invest Atlanta տնտեսական զարգացման գործակալության՝ նորարարությունների եւ ձեռներեցության հարցերով մենեջեր Սեմ Ադամսը, որը Երեւանում մանսակցել է Empowering Ideas միջազգային տեխնոֆորումին։

«Շատ ստարտափերի ձախողման պատճառն այն է, որ նրանք մեծ ակնկալիքներ ունեն եւ ուզում են դա անել շատ արագ: Դա սխալ մոտեցում է: Պետք Է փորձել նախ մեկ խնդիր լուծել, եւ այն լուծելուց հետո միայն ընդլայնել ծառայությունը»,- ասել է նա:

Ադամսի կարծիքով՝ փոքր բիզնես սկսելիս շատ կարեւոր է պարզ բիզնես-պլանի առկայությունը: Կարելի է սկսել պարզ խնդրի լուծումից՝  հետագայում պատրաստվելով դիմել ներդրողներին:

«Երեք կարեւոր ընտրություն կա, որ պետք է կատարել՝ գաղափարի, գործընկերների եւ ներդրողների, մնացածն արդեն տարբեր հանգամանքներից եւ ինչ-որ տեղ հաջողությունից է կախված:  Գործընկերների եւ ներդրողների ընտրությունը շատ կարեւոր է. գաղափարը կարելի է փոփոխել եւ զարգացնել, սակայն այդ զարգացման եւ փոփոխության ուղղությունը շատ բանով կախված կլինի գործընկերիների եւ ներդրողների ընտրությունից»,- խորհուրդ է տալիս Սեմ Ադամսը:

Հայկական ստարտափերին Invest Atlanta-ի նորարարությունների եւ ձեռներեցության հարցերով մենեջերը խորհուրդ է տալիս սկսել լոկալ շուկայից՝ հասկանալով դրա բոլոր նրբությունները։ Նրա կարծիքով՝ դա ճիշտ ընտրություն է, քանի որ սեփական՝ լոկալ շուկան ներսում գտնվողներին շատ ավելի լավ է ծանոթ, սակայն հեռուն գնացող պլաններ ունեցող ստարտափերը, լոկալ շուկայից սկսելով, պետք է թիրախավորեն նաեւ տարածաշրջանային եւ միջազգային շուկաները:

«Ինձ ծանոթ հաջողակ ստարտափերը արտահանմանը մեծ ուշադրություն են դարձնում. դրանք թե բարձր վաճառքներ ունեն, թե ավելի կենսունակ են:  Պրոդուկտ ստեղծելիս՝ մտածեք տարածաշրջանային եւ միջազգային շուկաների մասին եւ այն մասին, թե ինչպես է ձեր պրոդուկտն ընդլայնելու այդ շուկաները»,- հավելել է Սեմ Ադամսը: