Նորվեգիան հայտնել է Չինաստանի հետ քաղաքական ու դիվանագիտական հարաբերությունների բազմակողմանի կարգավորման մասին։ Համապատասխան փաստաթուղթը դեկտեմբերի 19-ին հրապարակվել է թագավորության ԱԳՆ կայքում՝ Պեկինում Չինաստանի արտգործնախարար Վան Իի ու նրա նորվեգացի գործընկեր Բյորգե Բրենդեի հանդիպումից հետո, փոխանցում է DW–ն։
«2010-ից սկսած՝ իրավիճակը բարդ է եղել։ Հարաբերությունների կարգավորումը մեր երկրների միջեւ վստահությունը վերականգնելու նպատակով տարբեր մակարդակների վրա երկարատեւ ու տքնաջան դիվանագիտական ջանքերի արդյունքն է»,- շեշտել է Բրենդեն։
Օսլոյի ու Պեկինի հարաբերությունները սառեցվել էին 2010-ին այն բանից հետո, երբ Նորվեգիայի մայրաքաղաքում գտնվող Նոբելյան հանձնաժողովը հայտնել էր, որ խաղաղության մրցանակը շնորհում է չինացի իրավապաշտպան Լյու Սյաոբոյին։



























