Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը Հայաստանում առանձնահատուկ արտոնություններ չի ստացել եւ իր ուժերով է աշխատում: Այս մասին դեկտեմբերի 20-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:
Նա նշեց, որ ընկերության տոմսերի գնի մեջ ներառված չէ Հայաստանի օդային տարածքը հատելու տուրքը (այսպես կոչված՝ օդի հարկը): Սակայն դա մասնավորապես «Պոբեդային» չի վերաբերում, այլ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանին: «Ցանկացած այլ ավիաընկերություն, որն այնտեղ թռիչքներ կկատարի, նույնպես հարկից կազատվի»,- ընդգծեց Ավետիսյանը:
Նախկինում «Շիրակ» օդանավակայանը տուրքից ազատել են, որ այնտեղ ավիաընկերություններ ներգրավեն, մասնավորապես՝ լոուքոսթերներին: Դեկտեմբերի 15-ին «Պոբեդան» («Աերոֆլոտի» դուստր ընկերություն) Մոսկվայից Գյումրի եւ հակառակ ուղղությամբ առաջին չվերթն է կատարել:





























