Երեւանի ավագանին այսօր՝ դեկտեմբերի 21-ին կայացած արտահերթ նիստում հավանություն է տվել Երեւան համայնքի սեփականությունը հանդիսացող 2 բնակարան անհատույց սեփականության իրավունքով օտարել 2016 թվականի հուլիսին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զոհված երկու ոստիկանների ընտանիքներին:

Ըստ այդմ, մայրաքաղաքի Սիսակյան փ. հ.16 շենքի հ.29՝ 60.3 քմ մակերեսով բնակարանը անհատույց սեփականության իրավունքով հատկացվել է ոստիկանության զորքերի զինծառայող, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի այրուն՝ Արփինե Թումասյանին եւ նրա երեխաներին՝ Էլեն, Աշխեն եւ Կարեն Տեփանոսյաններին:

Ավագանու մեկ այլ որոշմամբ Սիսակյան փողոցի հ.16 շենքի հ.105՝ 60.3 քմ մակերեսով բնակարանն անհատույց սեփականության իրավունքով հատկացվել է ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի այրուն՝ Հասմիկ Ոսկանյանին եւ որդուն՝ Մհեր Մկրտչյանին:

Որոշման նախագիծը ներկայացնելիս նշվել է, որ զոհված ոստիկաններն իրենց ընտանիքներով չեն ունեցել սեփական բնակարան եւ Երեւանում բնակվել են վարձակալական հիմունքներով:

Երեւանի ավագանու այլ որոշումներով անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ են տրամադրվել նաեւ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող եւս 7 ընտանիքի: