Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ սկսվելու հավանականության մասին խոսակցությունները ակնհայտ չափազանցություն են։ Այս մասին NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության ու միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող, թուրքագետ Վիկտոր Նադեին -Ռաեւսկին։
Նրա խոսքով, այն, որ Ռուսաստանը հակված է մեղադրել դրանում Արեւմուտքին, նույնպես ակնհայտ չափազանցություն է։ «Մենք այստեղ տեսնում ենք իսլամականների ձեռագիրը։ Իհարկե հենց իսլամական խմբավորումներն առնչություն ունեն դրան, բայց թե ինչ տարբերակով ու ինչ ձեւով է ամեն ինչ ծրագրվել, պետք է պարզեն արդեն քննչական խմբերը, որոնք զբաղվում են այդ հարցով»,- նշել է Վիկտոր Նադեին Ռաեւսկին։
Արեւմուտքի հասցեին ոչ մի մեղադրանք, շարունակեց թուրքագետը, Ռուսաստանը չի առաջադրել։ «Ռուսաստանը Արեւմուտքին այլ բանի համար է մեղադրում՝ նրա համար, որ Արեւմուտքը ամեն կերպ խաթարում է համագործակցությունը իսլամականության ու արմատականության դեմ պայքարում ։ Չկան նաեւ որեւէ խոսակցություններ այն մասին, որ դա թուրքական կողմն է ծրագրել։ Իսկ ահա թուրքական կողմը անմիջապես սկսեց մեղավորներին որոնել Ֆեթուլահ Գյուլենի շարժման մեջ, բայց ես այս վարկածի համար համոզիչ ապացույց դեռ չեմ տեսնում»,- շեշտեց Նադեին -Ռաեւսկին։
Թուրքիայի ղեկավարությանը, հավելեց նա, այս ահաբեկչությունն, իհարկե ամենեւին էլ պետք չէր, նախ հաշվի առնելով Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման քաղաքական կուրսը, որը Թուրքիան որդեգրել է։ «Եվ երկրորդ, Թուրքիան համաձայնել է համագործակցել Ռուսաստանի հետ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում։ Դա ռուս-թուրքական հարաբերությունների ծայրաստիճան կարեւոր տարր է», -ամփոփել է Նադեին -Ռաեւսկին։
Հիշեցնենք, որ Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը սպանվել է Անկարայում դեկտեմբերի 19-ին ֆոտոցուցահանդեսի բացման ժամանակ։ Հանցագործին ոչնչացրել են դեպքի վայր ժամանած անվտանգության աշխատակիցները։ Ռուսաստանի ԱԳՆ-ն դեսպանի սպանությունը որակել է ահաբեկչություն։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել, Ռուսաստանը Թուրքիա է ուղարկել իր քննչական խումբը։




























