Բեռլինում ահաբեկչության իրագործման մեջ կասկածվող Թունիսի քաղաքացի Անիս Ամրին նախկինում հայտնվել է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների տեսադաշտում: Մասնավորապես՝ նա համացանցում տեղեկություններ է փնտրել պայթուցիկ սարք հավաքելու մասին եւ կարող էր ուղղակի շփումներ ունենալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
ԱՄՆ իշխանությունների անանուն մնալ ցանկացած ներկայացուցչի խոսքով, Անիս Ամրին ԻՊ-ի հետ կապ հաստատելու համար առնվազն մեկ անգամ Telegram-ի մեսենջերն է օգտագործել: Բացի այդ, նրա անունը ներառված է այն անձանց «սեւ ցուցակի» մեջ, որոնց արգելված է ԱՄՆ-ի տարածքով օդանավով թռչել:
Գերմանիայի ոստիկանությունը Անիս Ամրիի անունով փաստաթղթեր է հայտնաբերել արեւմտյան Բեռլինի կենտրոնում գտնվող ծննդյան տոնավաճառում մարդկանց վրաերթի ենթարկած բեռնատարի մեջ: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել ոչ միայն Գերմանիայում, այլեւ ամբողջ Շենգենյան գոտում:
Գերմանիայի իշխանությունները 100 հազար եվրո պարգեւատրում են խոստացել կասկածյալի մասին տեղեկություն հայտնողին: Դաշնային դատախազությունը բնակչությանն է դիմել Ամրիի մասին ցանկացած տեղեկություն հայտնելու խնդրանքով: Դեկտեմբերի 19-ի ահաբեկչության հետեւանքով 11 մարդ է զոհվել, նաեւ բեռնատարի վարորդը:





























