«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի շահերի պաշտպան Հայարփի Սարգսյանին՝ հանցագործության մասին հաղորդմանը ՀՔԾ-ից դեռ չեն արձագանքել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը:
Հովհաննես Հարությունյանի շահերի պաշտպանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ դեկտեմբերի 9-ից իր պաշտպանյալը ոչ ադեկվատ վիճակում է: Նրա խոսքով՝ Հովհաննես Հարությունյանը գտնվում է դեղերի ազդեցության տակ, կամ շոկի մեջ, սակայն, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ-ում մասնագետները քայլեր չեն ձեռնարկում նրան այդ վիճակից հանելու համար: Հայարփի Սարգսյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՔԾ, որն այդպես էլ անպատասխան է մնացել:
NEWS.am-ին ՔԿՎ-ից հայտնել էին, որ Հովհաննես Հարությունյանը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ չունի:
Հիշեցնենք, որ ոտքից ծանր վիրավորում ստացած Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի մասին հակասական կարծիքներ կան: Ըստ փաստաբան Հայարփի Սարգսյանի՝ իր պաշտպանյալի վիճակը գնալով վատանում է, նրան շտապ վիրահատություն է պետք, քանի որ ոտքը սկսել է սեւանալ, բարակել, իսկ նա էլ ցավերին չի դիմանում: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հակառակն է պնդում:




























