ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը եւ Հարավային Կորեայի հետախուզությունը կարողացել էին 2008 թվականին ստանալ Հյուսիսային Կորեայի հանգուցյալ առաջնորդ Կիմ Չեն Իրի ուղեղի նկարները եւ բավականին հստակ հաշվարկել, որ նրան մնացել է 3-5 տարվա կյանք։ Այսպես է պնդում ճապոնական Asahi Shimbun թերթը՝ վկայակոչելով իր իրազեկ աղբյուրները։
2008–ի օգոստոսին Կիմ Չեն Իրը ինսուլտ էր տարել, նրա բուժման համար հրավիրվել էին ֆրանսիացի եւ չինացի մասնագետներ, որոնք բարեհաջող կատարել էին առաջադրանքը, իսկ Հյուսիսային Կորեայի առաջնորդն արդեն հոկտեմբերին վերադարձել էր իր պարտականությունների կատարմանը։ Թերթը չի հայտնում, թե կոնկրետ ինչպես են Կիմ Չեն Իրի ուղեղի նկարները հայտնվել ԿՀՎ–ի եւ Հարավային Կորեայի հետախուզության ձեռքում, սակայն նշում է, որ դա թույլ է տվել մանրամասն ուսումնասիրել Հյուսիսային Կորեայի առաջնորդի առողջական վիճակը։
Դրանից եզրակացություն է արվել, որ 3-5 տարիների ընթացքում Կիմ Չեն Իրը նոր ինսուլտ կտանի, որը, ամենայն հավանականությամբ, ճակատագրական կլինի։
Պաշտոնական տեղեկություններով՝ Կիմ Չեն Իրը մահացել է 2011–ի դեկտեմբերի 17-ին՝ ինսուլտից 3 տարի եւ 4 ամիս անց։





























