Հոկտեմբերի լույս 29-ի գիշերը հրդեհվել է Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղում ուրանի պաշարների երկրաբանահետախուզական աշխատանքների համար այստեղ բերված հորատող սարքավորումը, որն արդեն մի քանի օր է աշխատում էր գյուղում։ Հրդեհի մասին որեւէ մանրամասներ չեն հաղորդվում: Ըստ տարածված լուրերի՝ հորատող տեխնիկան հրկիզել են, որի մասին լեռնաձորցիները իմացել են միայն առավոտյան։ Մենք առավոտն ենք իմացել, որ սենց բան ա եղել։ Էդ հորատող սարքը գյուղի վերեւում ա գտնվում՝, հեռու ա ստեղից, մեր գյուղի տներն էլ հակառակ ուղղությամբ են, չէր երեւա մեր տներից էդ պաժառը, մանավանդ, որ ասում են՝ գիշերն ա պաժառ ընկել»,-ասում են գյուղամիջին մեզ հանդիպած գյուղացիները։

Իսկ լրագրողների աշխատանքին խոչընդոտում էին երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնող մասնագետները, ովքեր չէին թույլատրում մոտենալ եւ լուսանկարել հրդեհված տեխնիկան, նշելով, որ իրենց ղեկավարը Երեւանից ճանապարհվել է Լեռնաձոր, եւ միայն նրա ներկայությամբ հնարավոր կլինի այդ աշխատանքներն անել ու որեւէ տեղեկություն իմանալ այս հարցի շուրջ, իսկ ղեկավարը մի քանի ժամ հետո միայն կլիներ գյուղում։ Մեզ հաջողվեց հեռվից լուսանկարել, սեւացած ու վառված հետքերով տեխնիկան։ Դեպքի վայրում աշխատում էին Սյունիքի մարզային քննչական բաժնի աշխատակիցները, տեղում էին նաեւ Կապանի եւ Քաջարանի ոստիկանապետերը, ինչպես նաեւ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության փորձագետները։ Սակայն տեխնիկայի հրկիզման մասին ոչ մի պաշտոնական հստակ ինֆորմացիա չկար: