Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու եւ զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Արսեն Մկրտումյանը, Գագիկ Միքայելյանը եւ Սոսո Մարգարյանն ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Միքայելյանի շահերի պաշտպան Անի Չատինյանը: Նա նշեց, որ քրեական գործով 3 ամբաստանյալներն էլ զղջացել են իրենց կատարածի համար եւ միջնորդել՝ դատաքննությունն արագացված կարգով անցկացնել:
Դատարանը միջնորդությունը բավարարել է: Պաշտպանական կողմը դատարանից ժամանակ է խնդրել պաշտպանական ճառին պատրաստվելու համար:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 2-ին:
Ըստ մեղադրական եզրակացության` Արսեն Մկրտումյանը, Գագիկ Միքայելյանը եւ Սոսո Մարգարյանը «Սասնա Ծռեր» խմբի կողմից հուլիսի 17-ին ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն են գործադրել եւ զանգվածային անկարգություններ հրահրել:





























